«Օրենքով գող» Զապի մասին օրենքով գողերն են նյութ պատվիրել

asekose.am-ը գրում է, որ ամիսներ առաջ Հայաստանի հանցավոր աշխարհում նշանավոր իրադարձություն տեղի ունեցավ. Երևան ժամանեց «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը` Զախարիյ Կալաշովը: Վերջինս որոշել էր իր հանգիստն անցկացնել Հայաստանում, և հենց այդ ժամանակ էլ Հայաստանի «օրենքով գողերի» միջավայրից նա նախապատվությունը տվեց հայաստանյան օրենքով գողերից Անդրանիկ Սողոյանին` Զապին:

Մամուլն այդ օրերին, հղում անելով ականատեսներին, տեղեկացրեց, որ Շաքրո Մոլոդոյին հաճախ են տեսել Զապի հետ Ծաղկաձորի թանկարժեք հյուրանոցներից մեկում, Զապի ընկերակցությամբ էլ անցել են դրսից եկած «օրենքով գողի» հյուրասիրությունները:

Այն, որ Շաքրո Մոլոդոյը նախընտրեց Զապի ընկերակցությունը չէր կարող վրիպել համապատասխան շրջանակների կողմից:

Կրիմինալ աշխարհը սկսեց խանդով վերաբերվել այդ մտերմությանը, ավելին՝ այդ աշխարհի որոշ ներկայացուցիչներ սկսեցին պարբերաբար արտահոսքեր կազմակերպել՝ ընդդեմ Անդրանիկ Սողոյանի:

Փորձեցին սասանել նրա դիրքերը՝ չստացվեց, սակայն դեզինֆորմացիոն արշավը ամեն անգամ նոր դրսևորումներ է ստանում:

Հիմա էլ Անդրանիկ Սողոյանի թրի տակ կքածները փորձել են նրան վերագրել ոստիկանության գործակալի ֆունկցիաներ, մի բան, որով զբաղվել են իրենց գոյության ողջ ընթացքում:

Հայաստանը փոքր երկիր է, այստեղ գործունեություն ծավալող բոլոր «օրենքով գողերի» կենսագրությունները հայտնի են հետաքրքրվողներին:

Ուստի՝ խանդի հողի վրա լրբություն անող գողականները ճիշտ կանեն ինֆորմացիոն գրոհի ժամանակ չկորցնեն բանականությունը, որովհետև դրա կորուստը անդառնալի հետևանքների կարող է բերել:

Վերջին հաշվով «օրենքով գողերի» աշխարհում խաղի կանոնները շատ հստակ են, և այնտեղ սուտն ու կեղծիքը, դրա համար գործիքակազմ հանդիսացողները դաժանորեն են պատժվում:

«Օրենքով գող» Զապի մասին օրենքով գողերն են նյութ պատվիրել