Ինչպես 7 օրում ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից. հնդկաձավարով դիետայի առավելություններն ու հակացուցումները

Ավելորդ կիլոգրամներ կուտակելը բավականին հեշտ է, սակայն շատ դժվար է դրանցից ազատվելը: Ավելորդ քաշից ազատվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը կարճատև խիստ դիետաներն են, որոնք նախատեսված են կարճ ժամանակահատվածում մի քանի կիլոգրամից ազատվելու համար:

 

Սակայն հարկ է հիշել, որ առանց սննդակարգում փոփոխություններ անելու և ֆիզիկական ծանարաբեռնվածությունն ավելացնելու դիետաներն անարդյունավետ կլինեն: Բացի այդ, դիետայից հետո նախկին սննդակարգին կտրուկ վերադառնալու դեպքում կորցրած կիլոգրամները նույնքան արագ կվերադառնան և անգամ կավելանան:

 

Մասնագետների խոսքով դիետայի շնորհիվ կորցրած կիլոգրամների քանակությունը կախված է մարդու նախնական քաշից. որքան այն մեծ է, այնքան շատ կիլոգրամներից նա կազատվի: II և III աստիճանների ճարպակալումից տառապողները դիետայի ընթացքում կկարողանան ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից:

 

Հնդկաձավարով դիետա

 

Հնդկաձավարն օժտված է միզամուղ, մաքրող ու ճարպերն այրող հատկություններով: Աղից հրաժարվելու և ջրային ռեժիմին հետևելու դեպքում օրգանիզմն արագ կազատվի ավելորդ հեղուկից: Բացի այդ, ճարպերից զրկվելու դեպքում այն կսկսի վատնել նախկինում կուտակած լիպիդները:

 

Այս սննդակարգը շատ արդյունավետ է, ինչի մասին են վկայում բազմաթիվ դրական անձագանքները: Սակայն արդյունքը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական 1-2 անգամ հնդկաձավարով ու կեֆիրով կամ միայն հնդկաձավարով բեռնաթափման օրեր անել:

 

Հնդկաձավարով դիետայի առավելությունները

 

Հնդկաձավարը հարուստ է մանրաթելերով, սպիտակուցներով, վիտամիններով (հատկապես B խմբի), հանքային աղերով, միկրոտարրերով ու հակաօքսիդանտներով, ինչի շնորհիվ դիետայի ընթացքում օրգանիզմը ստանում է անհրաժեշտ սննդարար նյութերի մեծ մասը: Բացի այդ, աղի ու շաքարավազի բացակայության շնորհիվ օրգանիզմից դուրս է գալիս ավելորդ հեղուկը, ինչն օգնում է ազատվել այտուցներից:

 

Սակայն այս սննդակարգի գլխավոր առավելությունն օրգանիզմի մաքրումն է թունավոր նյութերից, շլակներից ու քաղցկեղածին տարրերից: Բացի այդ, այն օգնում է կարճ ժամանակահատվածում բարելավել ինքնազգացողությունը և մաշկի, վարսերի ու եղունգների վիճակը:

 

Այս սննդակարգը փորձած մարդիկ նշում են, որ դրա շնորհիվ մեկ օրում հնարավոր է ազատվել 0.5-1 կգ ավելորդ քաշից: Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս հետևել այս դիետային մեկ շաբաթից ավել՝ այլապես կխանգարվի նյութափոխանակությունը և ի հյատ կգան խնդիրներ՝ կապված մարսողության հետ:

 

Հնդկաձավարով դիետայի թերությունները

 

Շատերը հաշվի չեն առնում, որ դիետայից հետո սովորական սննդակարգին ճիշտ չվերադառնալու դեպքում կորցրած կիլոգրամները կարող են շատ արագ վերադառնալ: Բացի այդ, այս դիետային հետևելու բարդություններից մեկը միանման սննդակարգն է: Մարդը ստիպված է 7 օր սնվել միայն հնդկաձավարի շիլայով, որն անգամ աղ չի պարունակում: Լավագույն դեպքում կարելի է դիետայի երկրորդ տարբերակին հետևել և շիլայի հետ նաև կեֆիր օգտագործել:

 

Հնդկաձավարն ունի բավականին բարձր կալորիականություն, պարունակում է սպիտակուցներ ու մանրաթելեր, ինչի շնորհիվ հագեցնում է և քաղցի զգացումը չի տանջում, սակայն մարդը կարող է շատ շուտ հոգնել այդ սննդակարգից:

 

Բացի այդ, գլյուկոզայի սովորական քանակության բացակայության պատճառով վատանում է գլխուղեղի աշխատանքը, մարդը դառնում է ավելի դանդաղկոտ ու դյուրագրգիռ, իսկ երբեմն էլ նման դիետան հանգեցնում է միգրենի առաջացման: Նման դեպքերում սննդաբանները խորհուրդ են տալիս օրական առավելագույնը 2-3 անգամ լեզվի տակ մեկ թեյի գդալ մեղր դնել և թողնել որ այն դանդաղ հալվի:

 

Հնդկաձավարով դիետա՝ նախատեսված 7 օրվա համար

 

Այս դիետայի համար նախատեսված ճաշացանկը շատ պարզ է: Հարկավոր է 7 օրվա ընթացքում օրական 6-8 ճաշի գդալ հնձկաձավարն առանց աղի, յուղի, շաքարավազի կամ համեմունքների խաշել և ստացված շիլան ուտել օրվա ընթացքում:

 

Օգտակար ֆիտոնուտրիենտները պահպանելու համար խորհուրդ է տրվում երեկոյան հնդկաձավարը լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուր և թրմել ամբողջ գիշեր:

 

Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է հետևել ջրային ռեժիմին և օրական առնվազն 8-10 բաժակ ջուր խմել: Շատ օգտակար կարող են լինել նաև չիչխանի հատապտուղների թուրմը, մասուրի թուրմը, կոճապղպեղի արմատի թուրմը, մատե թեյը, կանաչ թեյն ու չգազավորված հանքային ջուրը: Նյութափոխանակության խանգարումներից ու ավիտամինոզից խուսափելու համար խորհուրդ է տրվում դիետայի ընթացքում վիտամիններ ու հանքանյութեր ընդունել:

 

Կեֆիրով ու հնդկաձավարով դիետա

 

Հնդկաձավարով շիլան անյուղ կաթնաթթվային սննդամթերքի հետ համատեղելու դեպքում շատ ավելի օգտակար կլինի աղեստամոքսային համակարգի և առհասարակ ամբողջ օրգանիզմի համար: Հնդկաձավարով դիետայի այս տեսակն օգտագործվում է նաև բեռնաթափման օրեր կազմակերպելու համար:

 

Հարկավոր է երեկոյան 6 ճաշի գդալ հնդկաձավարը լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուր և թրմել: Պատրաստի շիլան հարկավոր է բաժանել 4-5 մասի: Բացի շիլայից, կարելի է օրվա ընթացքում ցանկացած ժամանակ կեֆիր խմել (օրական 3-4 բաժակ): Կեֆիրը կարելի է խմել ինչպես շիլայի հետ, այնպես էլ առանձին: Սակայն այն պետք է լինի յուղազրկված և պրոբիոտիկներով հարստացված:

 

Նման սննդակարգի կալորիականությունը մոտ 800 կկալ է:

 

Հակացուցումներ

 

Հնդկաձավարով դիետան հակացուցված է աղեստամոքսային համակարգի օրգանների ցանկացած ախտանաբանության սուր ու քնոնիկական դեպքերում, ինչպես նաև հիպովիտամինոզի կամ նյարդաբանական հիվանդությունների առկայության դեպքում: Առողջությանն էլ ավելի մեծ վնաս չհասցնելու համար ցանկացած քրոնիկական հիվանդության դեպքում հարկավոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ:

 

Խիստ դիետաներին հետևելիս մարդը պետք է կարողանա ճիշտ վերադառնալ նախկին սննդակարգին, ուստի հարկավոր է հետևել որոշակի կանոններին.

 

·        Դիետայից հետո առաջին 5 օրվա ընթացքում հարկավոր է բացառել կենդանական ծագման ճարպերը (օրական օգտագործել մեկական թեյի գդալ կարագ ու բուսայուղ), հրուշակեղենն ու հացաբուլկեղենը, ապխտած սննդամթերքը, երշիկեղենը, մարինացված ու թթու դրած սննդամթերքը և տապակած ուտեստները:

 

·        Օրական հարկավոր է սնվել 5-6 անգամ:

 

·        Ընդունած սննդի մեկ չափաբաժնի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 300 գրամը:

 

·        Վերջին անգամ հարկավոր է սնվել 19:00-ից ոչ ուշ: Բացառություն կարող է լինել միայն քնելուց մեկ ժամ առաջ խմած մեկ բաժակ կեֆիրը:

 

·        Սննդակարգի հիմքում պետք է լինեն շիլաները, լոբազգիները, խաշած դիետիկ միսն ու ձուկը, կաթնաշոռն ու կաթնամթերքը, հավկիթը, մրգերը, կանաչեղենը, բանջարեղենն ու թարմ քամած հյութերը:

 

Հետագայում ավելորդ քաշի կուտակումից խուսափելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս հետևել առողջ սննդակարգին և ավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Ինչպես 7 օրում ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից. հնդկաձավարով դիետայի առավելություններն ու հակացուցումները