Պատրուշեւը շտապ մեկնել է Բաքու՝ Ալիեւին փրկելու դավադրությունից

Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն այսօր այցելել է Բաքու: Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը նա ասել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են միասին դիմակայել տարածաշրջանում «նոր մարտահրավերներին»:Ի՞նչ նկատի ունի նա «նոր մարտահրավեր» ասելով: Ինչո՞վ է պայմանավորված Պատրուշեւի այցը: Եթե դիտարկենք Ադրբեջանի շուրջ իրադարձությունների լույսի ներքո, կարելի է ենթադրել, որ Ալիեւը շտապ օգնության է դիմել Ռուսաստանին:Հիշեցնենք, որ Ադրբեջանում իրադարձություններ են տեղի ունեցել, որոնցում Ալիեւի ռեժիմը մեղադրել է «Ռուսաստանի թշնամիներին»: Մասնավորապես, ադրբեջանական լվացքատան կոռուպցիոն սկանդալի աղմկոտ հետաքննությունում մեղադրվել են Ջորջ Սորոսը, բրիտանական հետախուզությունը եւ հայկական լոբբին: Դրանից առաջ Ադրբեջանում հայտարարել էին ռազմական դավադրության բացահայտման մասին, որում եւս մեղադրել են «արտաքին ուժերին»՝ ենթադրաբար արեւմտյան ուժերին: Բացի այդ, ԱՄՆ Սենատը եւ Եվրոպայի խորհուրդը քննարկում են Ալիեւի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախագծերը: Ադրբեջանն այդ ուժերին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ:Ըստ երեւույթին, դրանք էլ «նոր մարտահրավերներն են», որոնցից Ալիեւին փրկելու է եկել Պատրուշեւը: Ռուսաստանն ինքը պատժամիջոցների տակ է եւ «նոր մարտահրավերների» դեմ պայքարի փորձ ու մեթոդաբանություն ունի եւ ուրախ կլինի օգնել Ալիեւին: Հարցը գինն է:Անցած տարվա հուլիսին, երբ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ եղավ, անսպասելի պարզվեց, որ Էրդողանին նախապատրաստվող դավադրության մասին հայտնել է Մոսկվան: Ալեքսանդր Դուգինն այդ ժամանակ Թուրքիայում էր, եւ չնայած Պուտինն ու Էրդողանը «թանկագին ընկերներ» չէին, ձախողված հեղաշրջումից հետո Էրդողանը շտապեց Մոսկվա, որ շնորհակալություն հայտնի Պուտինին:Պատրուշեւի այցն Ալիեւին կարող է վկայել, որ Ռուսաստանը պատրաստ է փրկել Ալիեւին դավադրությունից: Դժվար է ասել, թե դրա դիմաց ինչ կպահանջի Մոսկվան: Հնարավոր է, Ադրբեջանի ներգրավվումը Եվրասիական միություն:Մոսկվան թերեւս կցանկանար նաեւ ղարաբաղյան հակամարտության գոտի մտցնել իր զորքերը: Ի դեպ, շուտով Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ կսսկվեն, որի ժամանակ փորձարկվելու է ՀԱՊԿ հովանու ներքո խաղաղապահ գործողությունը: Չնայած ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ին խաղաղապահ գործողության մանդատ այդպես էլ չի տվել:

Պատրուշեւը շտապ մեկնել է Բաքու՝ Ալիեւին փրկելու դավադրությունից