Տարոն Մարգարյանի կոշտ տողատակը Սերժ Սարգսյանին

Երեւանի Ավագանու հոկտեմբերի 11-ի նիստում տեղի ունեցած միջադեպը դարձավ հանրային աղմուկի պատճառ, լայնորեն լուսաբանվելով մամուլում: Երկիր Ծիրանի խմբակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի հասցեին փոխքաղաքապետ Կամո Արեյանի ու Ավագանու ՀՀԿ-ական անդամ Լեւոն Իգիթյանի խոսքերը չարժե կրկնել այդ խոսքերը, ոչ միայն այն պատճառով, որ դրանք բավականաչափ տիրաժավորվեցին եւ հայտնի են, այլ նաեւ այն պատճառով, որ այդքան էլ բարեհունչ չեն կրկնության արժանի լինելու համար:Տեղի ունեցած միջադեպը սակայն ուշադրության արժանի է քաղաքական տողատակով, որ պարունակում է ՀՀԿ Ավագանու ներկայացուցչի եւ փոխքաղաքապետի պահվածքում: Ընդ որում, այդօրինակ տողատակով միջադեպերը նոր Ավագանու նիստերին դառնում են հաճախակի, կրում պարբերական բնույթ:Բանն այն է, որ Երկիր Ծիրանի կուսակցությանը հասցեագրած արտահայտություններն անուղղակի հնչում են Սերժ Սարգսյանի հասցեին, եւ դրանք գործնականում Երեւանի այսպես ասած նոր իշխանության ապստամբությունն են Սերժ Սարգսյանի դեմ:Երեւանի Ավագանու ընտրությունից հետո Ավագանու մանդատ ստացած Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ դժոխք է դարձնելու Երեւանի քաղաքապետի եւ քաղաքային իշխանության կյանքը Ավագանում: Զարուհի Փոստանջյանը եւ նրա խմբակիցները կարծես թե հետեւողականորեն գնում են խոստման ճանապարհով:Փոխքաղաքապետ Կամո Արեյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է Երեւանի դեռեւս Էրեբունի ամրոց ժամանակաշրջանից, Զարուհի Փոստանջյանին եւ խմբակիցներին նախօրեի նիստում սպառնացել է, որ չմտածեն, թե կարող են իրենց սպառնալ դժոխքով: «Եթե որոշել եք ինչ որ ցնորքով մեր կյանքը դժոխք դարձնել, ես այլեւս համոզված եմ, տհասության բնածին վկայականով Աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին: Մենք ձեզ դրախտ բերողը չենք, հաշվի առեք», հայտարարել էր Կամո Արեյանը, շարունակելով, թե խոսելուց առաջ նրանք թող հաշիվ տան իրենց:Երկիր Ծիրանի խմբակցությանն ուղղված Արեյանի այդ խոսքը տողատակում կամա թե ակամա հասցեագրված է Սերժ Սարգսյանին, շատ պարզ մի պատճառով: Ո՞վ չի խանգարել Երկիր Ծիրանիին հայտնվել Երեւանի Ավագանում: Սերժ Սարգսյանը: Սարգսյանի համար ոչինչ չարժեր Երեւանի քաղաքապետի ընտրությանն ապահովել որեւէ չորրորդ ուժի մասնակցություն, որը կարող էր միանգամայն լեգիտիմ կերպով երրորդ տեղից ներքեւ թողնել նորաստեղծ Երկիր Ծիրանի կուսակցությանը, այդպիսով արգելափակելով կուսակցության մուտքը Երեւանի Ավագանի:Բայց Սերժ Սարգսյանը չգնաց դրան, եւ Երեւանի քաղաքապետի ընտրությանը մասնակցեց միայն երեք ուժ՝ ՀՀԿ-ն, ԵԼՔ դաշինքն ու Երկիր Ծիրանին: Եվ դա այն դեպքում, երբ բոլորին էր հայտնի, որ երեք ուժի դեպքում բոլորն էլ անցնելու էին Ավագանի, քանի որ ըստ օրենքի այն կարող է կազմված լինել նվազագույնը երեք խմբակցությունից:Այդպիսով ակնհայտ է ու պարզ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, փոխքաղաքապետ Արեյանի եւ ՀՀԿ Երեւանի Ավագանու մեծամասնության կյանքը դժոխք դարձնողը իրականում Սերժ Սարգսյանն է, որը «մատը մատին» չի խփել Երկիր Ծիրանիի մուտքը խոչընդոտելու համար, թեեւ դա ամենեւին բարդ խնդիր չէր:Դրա հետեւանքով, Երեւանի Ավագանին պարբերաբար «վառվում» է, կամ այլ կերպ ասած պարբերաբար «վառվում» է Տարոն Մարգարյանն իր թիմով: Զարուհի Փոստանջյանին հաջողվում է Մարգարյանին ու նրա թիմը պարբերաբար հանել հունից, այսինքն պատռել «քաղաքակրթության» եւ «հանդուրժողության» կամուֆլյաժը, դարձնել հանրային պարսավանքի առարկա, ինչն էլ թերեւս հենց Սերժ Սարգսյանի հաշվարկն է:Բանն այն է, որ Սարգսյանն ակնհայտորեն սկսել է Տարոն Մարգարյանի քաղաքապետության հետհաշվարկը եւ իրականացնում է այն առնվազն երկու զուգահեռով՝ դրսից եւ ներսից: Դրսից՝ չխանգարելով կյանքը դժոխք դարձնող Երկիր Ծիրանիի մուտքը Երեւանի Ավագանի, ներսից՝ հետեւողականորեն առաջ մղելով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին:

Տարոն Մարգարյանի կոշտ տողատակը Սերժ Սարգսյանին