Կստեղծվի միասնական երթուղային ցանց Հայաստանի ողջ տարածքում

Այսօր կառավարության նիստում  հավանություն տրվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին:

Տրանսպորտի, կապի և ՏՏ  նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց, որ նախ ստեղծելու են  օրենսդրական դաշտ, որը կկարգավորի այն նոր տրանսպորտային ցանցը, որն ուզում են ստեղծել:

«Տրանսպորտային ցանցը մենք ուզում ենք առաջարկել, որպեսզի այնպես չլինի, որ որոշ բակավայրեր դուրս մնան քարտեզից, լոտեր կառուցենք, որտեղ կհամախմբվեն շահավետ և ոչ շահավետ խմբերը, որպեսզի  բիզնեսի համար դառնա շահավետ նախաձեռնություն»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանի խոսքով՝  նախատեսվում  է միասնական ցանց կառուցելուց հետո երկարատև պայմանագրեր կնքնել, որպեսզի ներդրողները համոզված լինեն, որ երկարատև աշխատանք ունեն:

Նախարարը նաև հավելեց, որ օրենքը ընդունելուց հետո  պիլոտային ծրագիր են իրականացնելու, որից հետո ուսումնասիրելով արդյունքները, կփորձեն հետագայում հաստատել միասնական երթուղային ցանցը:

Կարեն Կարապետյանը նախատեսվող ժամկետներով հետաքրքրվեց և Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մոտակա երկու երեք ամսում կիրականացվի պիլոտային ծրագիրը, իսկ ցանցը ավելի խորը ուսումնասիրելուց հետո նոր միայն կհաստատվի: Նախարարը դժվարացավ ժամկետներ նշել, ասելով, որ հավանաբար մեկ տարի հետո նոր միայան հնարավոր կլինի խոսել միասնական երթուղային ցանցի մասին:

Վարչապետին այդ պատասխանը չբավարարեց:  «Չէ: Պիլոտային արդյունքների հման վրա մենք ցանցը նայում են: Այդտեղ բարդ բան չկա: Իրա տրամաբանությունն ենք նայում , գործող պայմանգրերի ժամկետներն ենք նայում և հայտարարում ենք, թե ինչ ցանց և  ինչ ներդրող ենք ակնկալալում»,-ասաց նա:

Այսպիսով՝ միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով: Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորում, բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկմամբ ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում:

Կստեղծվի միասնական երթուղային ցանց Հայաստանի ողջ տարածքում