Ռուբեն Հայրապետյանի մեսիջը, կամ՝ ինչու են Բելառուսի հավաքականին հրավիրել Երևան

1in.am-գրում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ հայտարարություն տարածեց նոյեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Բելառուսի ազգային թիմի հետ ընկերական հանդիպում անցկացնելու մասին:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի տապալումից հետո ֆուտբոլասերները անհամբեր սպասում էին ձախողման գլխավոր պատասխանատու՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականին: Հրաժարականի փոխարեն՝ ՀՖՖ-ն հայտարարում է ազգային թիմի ընկերական հանդիպում անցկացնելու մասին, ասել է թե՝ «արջն էր պակասում, նա էլ «պառախոդով» կգա»:

Ռուբեն Հայրապետյանն այս կերպ հասկացնել է տալիս, որ ամենևին չի պատրաստվում իր վրա վերցնել տապալման պատասխանատվությունը: Ի՞նչ ընկերական հանդիպման մասին է խոսքը, երբ ազգային հավաքականը ըստ էության փոշիացած վիճակում է: Ի՞նչ կտա ընկերական այդ հանդիպումը ազգային հավաքականին, երբ մրցաշրջանն ավարտված է, և հաջորդ պաշտոնական հանդիպումը մեր ազգային թիմը անցկացնելու է եկող տարվա աշնանը:

ՀՖՖ-ն հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին հնարավոր է ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնի: Երբ Հայաստանի հավաքականը մասնակցում էր ըտրական փուլին, և ընկերական հանդիպումներն ուղղակի անհրաժեշտություն էին, ՀՖՖ-ն մատը մատին չէր տալիս, իսկ հիմա՞: Ինչ է փորձում ապացուցել տխրահռչակ այս կառույցը տապալված մրցաշրջանից հետո, երբ ընկերական հանդիպումների անհրաժեշտություն ուղղակի չկա:

Բելառուսի հետ ընկերական հանդիպման մասին հայտարարությունից հետո որոշ ֆուտբոլասերներ շտապել են կարծիք հայտնել, որ այդ հանդիպումը պայմանավորված է լինելու: Ավելի ստույգ՝ ՀՖՖ նախագահը, ֆուտբոլային լեզվով, «առել» է այս խաղը: Ըստ սցենարի՝ Հայաստանի հավաքականը կհաղթի, որից հետո կհայտարարվի, որ վերջապես Հայաստանի հավաքականը ոտքի կանգնեց, և լուրջ քայլեր են ձեռնարկվելու առաջիկայում Եվրոպայի առաջնության ընտրական փուլում և Ազգերի Լիգայի խաղարկությունում հաջողության հասնելու համար:

Բացի Բելառուսից, հավանական է, որ մեր հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնի և տպավորիչ հաղթանակ տանի: Բացի այն, որ Ռուբեն Հայրապետյանը մտադիր չէ հեռանալ, նա չի ցանկանում աշխատանքից ազատել ազգային թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին: Դե բնական է, իրեն հարգող լուրջ մասնագետը չի աշխատի ազգային թիմում, իսկ Պետրոսյանը ամենահարմար թեկնածուն է, ով «սուսուփուս» կատարում է բոլոր հրահանգները: Նման տապալումից հետո Պետրոսյանը նույնիսկ ներողություն չխնդրեց ֆուտբոլասերից՝ վստահ լինելով, որ Հայրապետյանը կանգնած է իր մեջքին: Խայտառակության համար, բացի Հենրիխ Մխիթարյանից, ոչ ոք համարձակություն չունեցավ պատասխանատվությունը վերցնելու իր վրա: Մեր հավաքականի բրազիլացի կիսապաշտպան Մարկոսը Ղազախստանի հետ հանդիպումից հետո մեղավորների շարքում նշել էր նաև Հայրապետյանի անունը: Ժամեր անց, սակայն, Մարկոսին ըստ ամենայնի ստիպեցին մեղա գալ՝ պնդելով, որ Ռուբեն Հայրապետյանը գլխավոր մեղավորը չէ: «Մենք ավելի շատ ենք մեղավոր»,- ասում էր Մարկոսը:

Առկա իրավիճակում նման զարգացումները ոչ միայն զավեշտալի են, այլև ծիծաղ են առաջացնում: Ցավալին այն է, որ թե՛ ֆուտբոլասերները, թե՛ ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ չեն համարձակվում պահանջել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Ռուբեն Հայրապետյանի մեսիջը, կամ՝ ինչու են Բելառուսի հավաքականին հրավիրել Երևան