«Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերի երաժշտությունը գրել է իրանցի կոմպոզիտոր

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»  հեռուստաալիքով  հոկտեմբերի 21–ից եթեր կհեռարձակվի Ելենա Արշակյանի նոր ֆիլմը` «Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերը։ Ֆիլմում հանդես են գալու Սոս Ջանիբեկյանը, Անի Երանյանը, Խորեն Լևոնյանը և այլք։ Ֆիլմի երաժշտական ձևավորման և նորամուծությունների մասին Tert.am Life-ը զրուցել է ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանի և կոմպոզիտոր Շահին Վանեշվարի հետ։

 

Ելենան պատմեց, որ երբ իրեն առաջակել են որպես կոմպոզիտոր ընտրել Իրանից ժամանած Շահինին, թերահավատորեն է մոտեցել, սակայն հանդիպումն ամեն ինչ փոխել է. «Ես հասկացա, որ մենք ընդհանուր երաժշտական ճաշակ ունենք և ինքը շատ լավ պատկերացնում է այն, ինչ ես ուզում եմ ստանալ։ Ես աշխատել եմ բազմաթիվ հայ կոմպոզիտորների հետ։ Շատ սիրում եմ բոլորին, նրանք իմ ընկերներն են, բայց այս անգամ փորձեցի էքսպերիմենտ անել»,– ասաց Ելենա Արշակյանը։

 

Կոմպոզիտորը ծնվել է Իրանում, բայց արդեն 5 տարի է` Հայաստանում է, սովորում է Կոնսերվատորիայում։ Նա տիրապետում է 12 երաժշտական գործիքի, սովորում է դաշնամուր և սիմֆոնիկ դիրիժորություն։ Ֆիլմի երաժշտությունը դասական ժանրում է։  «Այս երաժշտությունը մատուցվել է ոչ սովորական ձևով, գործիքավորման մեջ օգտագործվել են կենդանի ձայնով երաժշտական գործիքներ»,– մեզ հետ զրույցում նշեց Շահինը։

 

«Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերի երաժշտությունը գրել է իրանցի կոմպոզիտոր

 

Ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանի կարծիքով` այսօր ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ֆիլմում նման գործիքավորում օգտագործել։ Բացի դասական էլեմենտներից, երաժշտության մեջ օգտագործվել են նաև արևելյան երաժշտական գործիքներ. «Արևելյան գործիքներ օգտագործել ենք, սակայն ինձ անհրաժեշտ էր, որ դրանք չափազանց շատ չլինի։ Ֆիլմի երաժշտական ձևավորումը ես  ուզում էի  մինիմալիստական ոճի մեջ  տեսնել։  Կարծում եմ` Շահինը տվել է ինձ այն, ինչ ես ցանկացել եմ»,– նշեց Ելենա Արշակյանը։

 

Ֆիլմի կոմպոզիտորի կարծիքով երաժշտությունը միջազգային լեզու է և այն չպետք է տարանջատել. «Ես ձգտում եմ, որ  երաժշտությունը հասկանան բոլոր ազգերը, ամենակարևորը, այն պետք է արտահայտի ֆիլմի գաղափարն ու ասելիքը»։

 

Կոմպոզիտորը նախ ծանոթացել է սցենարի հետ, ապա մասնակցել նկարահանումներին, որից հետո էլ գրել ու ավարտին է հասցրել երաժշտությունը։ Նա մասնակցել է նաև մոնտաժին։

 

Ֆիլմի երաժշտության համար խոսքեր չեն գրվել։ Կլինի  վոկալային կատարում, որը կլրացնի երաժշտությունը։

 

«Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերի երաժշտությունը գրել է իրանցի կոմպոզիտոր

«Հետհաշվարկ» հոգեբանական թրիլլերի երաժշտությունը գրել է իրանցի կոմպոզիտոր