26-ամյա կապիտանը նոր էր տեղափոխվել Մեղրիի զորամաս. նա վաշտի հրամանատար էր

Երեկ մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող, 26-ամյա կապիտան Անդրանիկ Մկրտչյանը Ապարան քաղաքից էր:

Մեր զրույցում Ապարանի զինկոմի տեղակալ Քոչարյանն ասաց, որ Անդրանիկ Մկրտչյանն իրենից մեծ եղբայր ուներ: «Եղբայրը նույնպես սպա է, բայց այլ զորամասում է ծառայում: Հայրը մեկնել է արտագնա աշխատանքի, մայրն էլ չի աշխատում»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ընտանիքը սոցիալապես ծայրահեղ պայմաններում է ապրում: Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ Անդրանիկ Մկրտչյանն ամուսնացած չէր:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կապիտանը վերջերս էր տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամաս՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար: Զորամասում բոլորը շոկի մեջ են. ծառայակիցները չեն էլ պատկերացրել, որ Մկրտչյանը կարող է նման քայլի գնալ:

Ըստ նախնական վարկածի՝ 26-ամյա պայմանագրային զինծառայողը մտել է իր աշխատասենյակ եւ ինքնասպանություն գործել: Նրա դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին`ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:

26-ամյա կապիտանը նոր էր տեղափոխվել Մեղրիի զորամաս. նա վաշտի հրամանատար էր