Ինչու է բարձր Սերժ Սարգսյանի տրամադրությունը Ալիեւի հետ զրույցում

Ժնեւում բանակցությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցից կուսանկար է հրապարակել ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Սերժ Սարգսյանն ու Ալիեւը ծառի տակ նստած բարձր տրամադրությամբ զրուցում են: Նրանք բավական բարձր տրամադրություն են ունեցել նաեւ բանակցության մեկնարկին:Ալիեւին հասկանալ կարելի է: Մինչ այս հանդիպումը նա հայտնվել էր ուժեղ ճնշման տակ, այդ թվում Ղարաբաղի խնդրում, մասնավորապես՝ հետաքննության մեխանիզմի տեղակայման հարցում, որը ոչ այլ ինչ է, քան ներկայիս սահմանի ճանաչում:Իրավիճակի բարդացմանը զուգահեռ նա սկսեց հայտարարել իր «դիվանագիտական հաղթանակների մասին», մասնավորապես՝ որ Հայաստանը համաձայնվել է բանակցել առանց նախապայմանների, այսինքն՝ առանց հետաքննության մեխանիզմների տեղակայման:Ճիշտ է, Սերժ Սարգսյանը նրան կոշտ պատասխան տվեց, հայտարարելով, թե Հայաստանը չի հրաժարվել այդ նախապայմանից, սակայն վեր կացավ ու գնաց Ժնեւ, այդպիսով հաստատելով Ալիեւի պնդումը:Բայց Սերժ Սարգսյանի տրամադրությունը նույնպես բարձր է, եւ առայժմ անհասկանալի է թե ինչու: Արդյոք Ալիեւը համաձայնվել է ճանաչել Ղարաբաղը եւ տեղակայել մոնիտորինգի սարքավորումները: Եթե այո, ապա Սերժ Սարգսյանի Ժնեւ գնալն արդարացված է, եթե ոչ՝ հարցը մնում է, թե ինչու է Հայաստանի ղեկավարը հանդիպման գնում այն բանից հետո, երբ միջազգային հանրությունն անկյուն է քշել Ադրբեջանին, պնդելով փաստացի հայկական նախապայմանները եւ այդպիսով ուժեղացրել Հայաստանի դիրքերը:Որոշ ժամանակ անց իհարկե պարզ կդառնա, թե ինչն ինչոց է: Իսկ մինչ այդ, Սերժ Սարգսյանը բարձր տրամադրությամբ զրուցում է հայկական պաշտոնական շրջանակների կողմից մարդասպան, ահաբեկիչ ու բարբարոսական հռչակված ռեժիմի պարագլխի հետ:

Ինչու է բարձր Սերժ Սարգսյանի տրամադրությունը Ալիեւի հետ զրույցում