Երեւանի համար 114 ավագ դպրոցի շենքի մի հատվածը վարձակալել են. այնտեղ մասնավոր դպրոց կգործի

Երեւանի համար 114 ավագ դպրոցի տարածքում նոր ուսումնական տարվանից գործելու են մասնավոր կրտսեր եւ միջին դպրոցներ: Ավելի ճիշտ` նախատեսվում է ունենալ առաջինից մինչեւ 8-րդ դասարաններ:

Պետական դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը մեզ հետ զրույցում հաստատեց կրթօջախի տարածքի մի մասը վարձակալության հանձնելու տեղեկությունը:

«Մեր դպրոցի մյուս մասնաշենքում կրթությանը մոտ կանգնած անձնավորություն դպրոց է բացել` մասնավոր հիմունքներով: Օրենքով, ինչպես կարգն է: Պետական հիմունքներով չէ: Եվ այո, նոր ուսումնական տարվանից կգործի»,- ասաց Ռուզաննա Կոստանյանը:

Ինչ վերաբերում է մասնավոր դպրոցում 9-րդ դասարան չլինելուն, նա պարզաբանեց. «Քանի որ պետական 9-րդ դասարան մեր դպրոցում կա, մենք միասին խորհրդակցել ենք եւ ես խնդրել եմ, որ առաջինից մինչեւ 8-րդ դասարան լինի»:

Կոստանյանը պնդեց, որ մասնավոր ուսումնական հաստատության հետ ինքը կապ չունի: Նաեւ հավաստիացրեց, որ անգիր չի հիշում մասնավոր դպրոցը հիմնադրած կազմակերպության անվանումը:

Ամեն դեպքում պետական ավագ դպրոցի տարածքում մասնավոր կրթօջախ բացելու անհրաժեշտությունը հարցեր է առաջացնում: Նույն համար 114 դպրոցը մինչեւ 2011 թվականը գործում էր որպես միջնակարգ: Այսինքն` այստեղ սովորում էին առաջինից մինչեւ 12-րդ դասարանցիներ: Հետո ավագ դպրոցի կարգավիճակը թելադրում էր, որ առաջին դասարանցիների ընդունելություն այլեւս չպետք է իրականացվի, որպեսզի ցածր դասարաններն աստիճանաբար ավարտեն ու դպրոցը դառնա լիարժեք ավագ:

Այժմ ահա, ընդամենը մի քանի տարի անց, այստեղ նորից ցածր դասարաններ պետք է բացվեն, բայց արդեն` մասնավոր:

Ու եթե զգացվել է դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը, արդյոք չի՞ նշանակում, որ ավագ դպրոցները չկայացան ու տարբեր աստիճանների տարանջատումն արհեստական ու չարդարացված էր:

Այս մասին հարցին Ռուզաննա Կոստանյանն, ըստ էության, բացասական պատասխան տվեց:

«Դպրոցներ կան, որ կայացել են, դպրոցներ կան, որ չեն կայացել: Այս տարի կարող է այդտեղ են բացել, մյուս տարի կարող է այդ նույն դպրոցը տանեն մեկ այլ տեղ բացեն: Դա արդեն իրենց իրավունքն է: Ավագ դպրոցի խնդիրը մեկ ուրիշի մասնավոր դպրոց բացելու հետ ընդհանրապես կապ չունի: Մեկ ուրիշ տեղ էլ մասնավոր մանկապարտեզ են բացում, մասնավոր բուհ են բացում: Ի՞նչ է պատահել»,- ասաց նա:

Մասնավոր դպրոցն, ըստ նրա, պետական դպրոցի տարածքը վարձակալելու դիմաց հաստատության հաշվեհամարին ամեն ամիս փոխանցելու է 650 հազար դրամ: Ոչ պետական դպրոցում, ըստ մեր տեղեկությունների, ուսման ամսական վարձը կարժենա 80 հազար դրամ: Նոր դպրոցի տնօրենի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Երեւանի համար 114 ավագ դպրոցի շենքի մի հատվածը վարձակալել են. այնտեղ մասնավոր դպրոց կգործի