Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետի մերձավորները մի խումբ երիտասարդների դաժան ծեծի են ենթարկել

Armtimes.com-ի տեղեկություններով, նախորդ շաբաթ ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքի հրապարակում: Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, եւ վերջինիս Գոռ անունով սանիկը օգոստոսի 18-ին 5-6 ավտոմեքենայով, դանակներով եւ մահակներով զինված՝ ծեծի են ենթարկել մի խումբ անձանց:

Դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքի հրապարակի սրճարաններից մեկում, երեկոյան: Նախ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով քաղաքապետի մերձավորները վիճաբանող մյուս կողմին հասցրել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Դանակահարել են մի քանիսին, մյուսները գլխի շրջանում ծանր վնասվածքներ են ստացել»,- փոխանցեց աղբյուրը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ օգոստոսի 19-ին տեղեկություններ են ստացել, որ նախորդ օրը՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Մասիսի կենտրոնական հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվականից հայտնեցին նաեւ, որ հետաքննություն է կատարվում: «Ըստ տեղեկությունների, վիճաբանության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով վնասվածքներ, նյութեր են նախապատրաստվում»,- փոխանցեցին ոստիկանությունից՝ նշելով, որ հիվանդանոցներից դեպքի վերաբերյալ ահազանգեր չեն ստացել: Ոստիկանությանը հայտնի է վիճաբանողներից երկուսի տվյալները:

Armtimes.com-ին տեղեկություններով՝ քաղաքապետի եղբորն այժմ ամեն կերպ փորձում են այս պատմությունից մաքուր հանել: Միջադեպի մասին զրուցեցինք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ: «Ինձ համար զարմանալի է ընդհանրապես, թե իմ եղբոր անուն, ընդհանրապես, ինչու են մտցրել այս հարցի մեջ: Ես լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ ինչ-որ դեպք է եղել քաղաքում, ոստիկանությունն էլ ոնց որ թե զբաղվում է: Ինձ հետաքրքիր է, թե իմ եղբոր անունն ինչու են կապում այդ միջադեպի հետ: Ես կարծում եմ, որ սրանք ուղղված քայլեր են իմ անունը կեղտոտելու հետ կապված»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ նշելով, որ խոսել է իր եղբոր հետ, որն ասել է, որ որեւէ կապ չունի այդ միջադեպի հետ, ապա հավելեց,- «Ես նման միջադեպերին լավ չեմ վերաբերվում, եւ եթե նման դեպք լինի, առաջինը ես կպատժեմ, դա վատ երեւույթ է»,- ասաց քաղաքապետը:

Հարցին՝ ձեր եղբոր սանիկն էլ կապ չունի՞, Դավիթ Համբարձումյանն ասաց, որ կդժվարանա այդ մասին որեւէ բան ասել: «Ես սպասում եմ իրավապահների վերջնական գնահատականին, որպեսզի հասկանամ, թե ինչ է եղել իրականում»,- հավելեց Համբարձումյանը:

Նշենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է:

Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Մասիս քաղաքում ռեյտինգային ընտրակարգով պայմանավորված իրավիճակն այնքան էր թեժացել, որ կրկին ծեծկռտուք էր գրանցվել: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Մասիսում ՀՀԿ-ականների բախման միջադեպի գլխավոր դերակատարներից մեկը եղել է կրկին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը։ Վերջինս անձամբ էր զանգել Արայիկ Գրիգորյանի շտաբ ու հայտնել է, որ խոսելու բան ունի։ Սակայն շտաբի պատասխանատու Էդգար Ավոյանը, որը Արարատի գազի վարչության պետն է, հասցրել է «թռնել»: Ավոյանը կանխատեսելով տհաճ զարգացումներ՝ Սամվել Հակոբյանին առաջարկել է միասին հեռանալ շտաբի տարածքից, բայց Սամվելը, ով ի դեպ, տեղի ունեցած ծեծկռտուքից ամենաշատ տուժողն է եղել, չի գնացել ընկերոջ հետեւից։ Սա իր հերթին խժդժություններ է առաջացրել Գրիգորյանի կողմնակիցների միջեւ։ Նույն հրապարակումների համաձայն՝ այդ օրվա միջադեպի գործով Արարատի մարզային ոստիկանությունը՝ ոստիկանապետ Սեւան Քոչարյանի գլխավորությամբ, բերման է ենթարկել Մուրադ Մուրադյանի կողմնակից մի խումբ երիտասարդների, սակայն Դավիթ Համբարձումյանն աներոջ միջոցով բոլորի հարցերը լուծել, է եւ ոչ մեկի վրա գործ չի հարուցվել:

Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետի մերձավորները մի խումբ երիտասարդների դաժան ծեծի են ենթարկել