Հայկական երջանկությունը` ռուս լրագրողի աչքերով. ինչու են հայերը պանիրը թաղում հողի մեջ

«Ռոսիա 24» հեռուստաալիքը Հայաստանի մասին հատուկ ռեպորտաժ է պատրաստել` պատմելով ոչ միայն տնտեսական հնարավորությունների մասին, այլև ներկայացնելով մի քանի հետաքրքրական փաստեր, որոնք օգնում են բացահայտել երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Անտոն Բորիսովը որոշել է բացահայտել հայկական երջանկության գաղտնիքը և այդ նպատակով մեկնել է Հայաստան շրջագայելու:

Առաջին հերթին, նա որոշել է պարզել, թե ինչով են զբաղվում հայ հարկատուները: Պարզել է, որ ոմանք որսում են Սևանի խեցգետինները և համեղ քաբաբ պատրաստում, մյուսներն առավոտ կանուխ արթնանում են ռեստորանների համար ձուկ որսալու համար, զվարճանքի զբոսայգիներ են բացում, աճեցնում խաղողի իրենց տեսակն ու հին գծագրերով ճշգրիտ արտեֆակտներ են ստեղծում:

«Հայաստանում փոքր բիզնեսը, որպես կանոն, բացառիկ ավանդույթներն ու արհեստներն են, որոնք մի քանի դարերի պատմություն ունեն», — ասում է Բորիսովը:

Ռեպորտաժի հեղինակին հատկապես զարմացրել էր հայկական պանրի տեսակներից մեկի պատրաստման եղանակը:

«Կարաս պանիրն է, որի կյանքը սկիզբ է առնում կարասի մեջ: Այն հողում պահում են երեք ամիս: Այժմ այս բացառիկ պանիրն արդեն շուկա է դուրս եկել», — պատմում է «Ռոսիա 24»-ի թղթակիցը:

Դե ինչ ռեպորտաժ առանց հայկական լավաշի: ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս` թող որ ոչ նյութական ժառանգությանը Բորիսովն առանձին ուշադրություն է դարձրել:

«Շատ հին ժամանակներից հայերը բացառիկ հաց են թխում` լավաշ, որը պատրաստվում է թոնրի մեջ», — նշում է լրագրողը:

Կոնյակի երկրում զարգացած է նաև գինեգործությունը, որը նույնպես հին ավանդույթներ ունի: Դե իսկ խոհանոցն ու արհեստները միաձուլվել են զբոսաշրջիկներին գրավելու համար:

Բորիսովը հիշեցնում է, որ Երևանի օդանավակայանում 60 երկրի քաղաքացիներից այլևս վիզա չեն պահանջում կամ վիզա են տրամադրում տեղում, իսկ ռուսաստանցիների պարագայում արտասահմանյան անձնագիր ընդհանրապես հարկավոր չէ: Միայն անցյալ տարվա ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 1 մլն օտարերկրյա քաղաքացի, այս տարի ավելի շատ կլինի: Ինչպես ասում են, համեցեք:

 

Հայկական երջանկությունը` ռուս լրագրողի աչքերով. ինչու են հայերը պանիրը թաղում հողի մեջ