Չարագուշակ այց Մոսկվա. Ինչ է սպասվում

Հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերին աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան։ Այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։«Մենք ակնկալում ենք, որ «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև մեր նախագահը, հետևաբար ենթադրում ենք, որ նա աշխատանքային այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 15-ից 16-ը», ասել է դեսպանը, նշելով սակայն, որ այցի օրակարգի մասին խոսելը դեռ վաղ է։Դեսպանի հայտարարությունը չարագուշակ է հնչում: Փաստորեն, եթե Սարգսյանը մեկնի Մոսկվա, օրակարգը կարող է լինել ոչ միայն մշակույթի օրերի բացումը: Թեեւ, վերջին տարիներին հայ բարձրաստիճան պաշտոնյաների Մոսկվա այցերի  վերաբերյալ տեղեկություններն ինքնին չարագուշակ են, քանի որ այդ այցերը սովորաբար ավարտվում են Հայաստանի դեմ հերթական որոշումներով կամ պայմանագրերով:Սերժ Սարգսյանի այս այցն էլ բացառություն չէ, եւ հայաստանյան մեդիա-քաղաքական շրջանակներում արդեն զուգահեռներ են տարվում 2013-ի սեպտեմբերի այցի հետ, որից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵՏՄ մտնելու մասին, հրաժարվելով Եվրամիության հետ ասոցացման պայմանագրից:Այդ իրադարձությունից 4 տարի անց, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության նախագծի շրջանակներում նախատեսվում է ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Արդյոք Մոսկվա այցից հետո Սերժ Սարգսյանը կրկին կհայտարարի ԵՄ հետ համաձայնագրից հրաժարվելու մասին:Սակայն խնդիրը միայն համաձայնագիրը չէ, համաձայնագիրը կարող է լինել այլ խնդիրների «կարգավորման առիթ», խնդիրներ, որոնք վերաբերում են Հայաստանի պետական ինքնիշխանությանը:Ինչ վերաբերվում է բուն համաձայնագրին, վերջին շրջանում այն դարձել է ֆուտբոլի գնդակ, որը հայ պաշտոնյաների թեթեւ ձեռքով հայտնվել է Եվրամիության դաշտում՝ խնդիրը ոչ թե Հայաստանն է, որն արել է իրենից հասանելիքը, այլ Եվրոպայում, ասում են նրանք: Իր հերթին, եվրոպացիներն ակնարկում են իրենց կողմից խնդիրների բացակայության մասին:Բրյուսելի վեհաժողովից առաջ նման իրավիճակ է առաջացել, կողմերը կարծես փորձում են իրենցից գցել հնարավոր տապալման պատասխանատվությունը:Սակայն մի բան ակնհայտ է, որ գնդակը ոչ Եվրամիությունում է, ոչ էլ Հայաստանում, այլ՝ Մոսկվայում: Այս ֆոնին, ՌԴ-ում ՀՀ դեսպանի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի այցի օրակարգի մասին խոսելը դեռ վաղ է, տալիս է հեռուն գնացող եզրակացությունների առիթ: Ըստ ամենայնի, խնդիրը Պուտինի հետ հանդիպումն է՝ կլինի այն, թե ոչ:

Չարագուշակ այց Մոսկվա. Ինչ է սպասվում