Ինչ թալիսման էր նվիրել որդուն Մեծարենցի մայրը, և ինչու ճաքեց սուրբ գրությամբ փոքրիկ քարը

Սիրելի որդուն մահվան ճիրաններից փրկելու համար Միսաք Մեծարենցի մայրն անկողնային հիվանդ զավակին մի թալիսման էր նվիրել։ Շուրջ 8 տասնամյակ գաղթական հայ ընտանիքի հետ աշխարհում շրջելուց հետո Մեծարենցի կյանքի վերջին օրերի լուռ ու խոսուն վկան հասել է Հայաստան` պատմելու մոր ու որդու բացառիկ սիրո իր պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. 1902 թվականին արևմտահայ հանճարեղ գրող Միսաք Մեծարենցն Ակնա գավառի հայրենի Բինկյան գյուղից մեկնում է Պոլիս` Կեդրոնական վարժարանում ուսումը շարունակելու, բայց դաժան ճակատագիրն ընդհատում է ոչ միայն երիտասարդ գրողի ստեղծագործական ծրագրերը, այլև կյանքը։

Մի անգամ, մութ փողոցում մի խումբ տղաներ, Մեծարենցին շփոթելով իրենց թշնամիներից մեկի հետ, թիկունքից դանակահարում են նրան: Այդ անհեթեթ դիպվածը մահացու հիվանդության պատճառ է դառնում։

1905 թ.–ին Մեծարենցի առողջությունը կտրուկ վատանում է, բժիշկները թոքախտ են ախտորոշում ու խորհուրդ տալիս կիսատ թողնել ուսումը։

Կյանքի վերջին տարիների նրա միակ ու անդավաճան ուղեկիցը դարձավ մայրը, որն ամեն գնով փորձում էր փրկել որդուն։

Այդ փորձերից մեկն էլ որդուն նվիրած ոսկե մատանին էր` ագաթե քարով, որի վրա «Գիրք գրքոցից» հետևյալ երկտողն էր փորագրված. «Կատարեալ սեր մերժե զերկյուղ»։

Մայրը հավատում էր, որ իր հզոր սերն ի զորու կլինի փրկել որդուն, մինչև որ մի օր սարսափով նկատեց, որ իր նվիրած թալիսման–մատանու քարը ճաքել է։ Մոր կատարյալ սերը փոխվեց մահվան անխուսափելիության հանդեպ երկյուղի։

Кольцо Мисака Мецаренца
© SPUTNIK/ ASATUR YESAYANTS
Միսաք Մեծարենցի մատանին

1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը Միսաք Մեծարենցը վախճանվեց, նրա շուրթերին անավարտ մնաց «մա՜յր» բառը։

Մեծարենցի մատանու պատմությունը շուրջ 8 տասնամյակ անհայտ էր հայ հետազոտողներին։ 1985 թ.–ին Երևանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանը մի փոքրիկ մատանի ու մի ուղեկցող նամակ է ստանում ԱՄՆ–ից, որում  Սփյուռքահայության կոմիտեի անդամ Վահան Ղազարյանը հայտնում էր, որ դա Միսաք Մեծարենցի մատանին է, որն իրեն է հանձնել  բարեկամուհին` Մեծարենցի եղբոր դուստր Արշալույս Մեծատուրյանը։ Այդ մասին Sputnik Արմենիային պատմեց թանգարանի գրական-հուշային ֆոնդի վարիչ Մելանյա Եղիազարյանը։ Ի դեպ, Մեծարենցի մատանին, որպես բացառիկ ցուցանմուշ, այսօր էլ ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանի ցուցասրահում:

Մեծարենցի ագաթե քարով ոսկյա մատանու հետ այսօր թանգարանում  պահվում են նաև մեծ գրողին առնչվող բազմաթիվ ձեռագրեր ու լուսանկարներ։

  • Միսաք Մեծարենցի ծնողները
  • Միսաք Մեծարենցի մայրը
  • Միսաք Մեծարենցի բարեկամները
  • Միսաք Մեծարենցի տունը
  • Միսաք Մեծարենցի մատանին թանգարանին հանձնողի նամակը
1 / 5
© SPUTNIK/ ASATUR YESAYANTS
Ինչ թալիսման էր նվիրել որդուն Մեծարենցի մայրը, և ինչու ճաքեց սուրբ գրությամբ փոքրիկ քարը