Մահացել է Ալեքսանդր Գրիգորյանը

Կյանքից հեռացել է հայ թատերական գործիչ, բեմադրիչ և ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Այսօր, երկարատև ծանր հիվանդությունից հետո, կյանքի 81–րդ տարում մահացել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսորի որդին` նշելով, որ իր հայրն ամենալավ հայրիկն է։

Կենսագրական տվյալներ.

Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936թ.–ի օգոստոսի 20–ին, Բաքվում։ Խորհրդային և հայ թատերական գործիչ էր, բեմադրիչ և ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր։

Ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ ուսանելով Լեոնիդ Վիվիենի կուրսում։

1962-1965 թթ. –ին Գրիգորյանը եղել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսորը։

1964 թվականից` Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսորն էր։

2000 թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հիմնադրել է դերասանական վարպետության ռուսական կուրսը։

Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Օդեսայում, Լվովում, Քիշնևում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլուր։

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ։

 

Մահացել է Ալեքսանդր Գրիգորյանը