Սերիալների երկիր Հայաստանս. ի՞նչ են հայերն ավելի հաճախ փնտրում համացանցում

Սերիալները հայերին հանգիստ չեն տալիս։ Պարզվում է, որ համացանցում փնտրվող թոփ թեման եղել ու մնում է սերիալը։ Հիմա այն «հատուկ նշանակության զե՞նք» է, թե՞ պարզապես զբաղմունքի միջոց։

Հնդկական սերիալներն ընդդեմ հայկականի. այսպես կռիվ տալով` հայկական հեռուստաընկերությունները պայքարում են ավելի մեծ լսարանի ուշադրության համար։ Ու որքան շատ են սկեսուրները կեղեքում հարսներին, որքան հաճախ են հարուստները նվաստացնում աղքատներին, այնքան լսարանն ավելի է մեծանում։

Սեպտեմբերի կեսերից մեկ ամսվա կտրվածքով հայաստանցիները համացանցում առավել հաճախ փնտրել են հնդկական ու հայկական սերիալները։ Ու ինչքան էլ զարմանալի է, ամենափնտրվողների շարքում չկար ո՛չ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ո՛չ էլ ատոմակայանի փակվել-չփակվելու հարցը։ Սա այն դեպքում, երբ սրանք քաղաքական քննարկվող օրակարգային հարցերն են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 

«Ամեն ամիս ստանդարտ կերպով սերիալներն են գերակշռում որոնողական ցանցերում»,- ասում է Մարտիրոսյանը։

Զավեշտալին այն է, որ սերիալային տպավորություններն էկրաններից տեղափոխվում են կյանք։ Բացասական դերեր ստանձնած գրեթե բոլոր դերասանները կպատմեն, որ փողոցում հատկապես տատիկ-պապիկները նրանց բռնացնում են ու հայհոյում, կռվում` ասոցացնելով դերասանների կերտած դերերի հետ։

Սա` զավեշտալին։ Իսկ կա նաև տրագիկ կողմը, երբ մեծերի հետ սերիալ նայող փոքրերը սպունգի պես ներծծում են ժարգոնային բառերը, հետո դրանք կիրառում առօրյայում։ Նրանց համար սովորական է դառնում «սիրած պահել», «հղիանալ-չհղիանալ», «ամուսնանալ-բաժանվել» հասկացությունները։

Մշակույթի գործիչ, պարուսույց Գագիկ Գինոսյանը կարծում է` խնդրին մատների արանքով վերաբերվել պետք չէ. որոշ ատյաններում շահագրգռված են, որ սերիալ նայող ազգ ունենանք։

«Թմրանյութն առաջին երկու-երեք անգամը կարող է պարտադրովի լինել, հետո դառնում է կախվածություն։ Իսկ սերիալը հոգևոր թմրանյութ է։ Այն կամաց-կամաց կախվածության ու դեգրադացման է հասցնում։ Արդյունքում ունենում ենք հեշտ կառավարվող, սեփական իրավունքներին տեր չկանգնող հասարակություն»,- ասում է Գինոսյանը։

Նրա խոսքով` սերիալային հովերը գալիս են Եվրոպայից։ Խնդիրը մեկն է` մասնատել հայկական արժեհամակարգը։

Վերադառնալով համացանցային փնտրտուքներին` մեջբերենք տեղեկատվական անվտանգության փորձագետի վերլուծությունը, որ մեր երկրում համացանցն արդյունավետ օգտագործողները շատ չեն։

«Երբ մի կարևոր իրադարձություն է լինում, շատ երկրներում մարդիկ արագ մտնում են որոնողական ցանց, իսկ Հայաստանում հիմնականում մտնում են Facebook: Մեզ մոտ տոկոսով քիչ է որոնողական համակարգերով եկող տրաֆիկը»,- ասում է Մարտիրոսյանը։

Հայաստանում առավել հաճախ մտնում են «Facebook» ու անվերջ թերթում` սպասելով, թե երբ որոնողական ցանցը կբարեհաճի ու մի հետաքրքիր բան կբերի նյուզֆիդին։

Սերիալների երկիր Հայաստան. այս արտահայտությունը մութուցուրտ տարիներից ի վեր արդիական է մեր երկրում, ընդ որում` տեղեկատվական բլոկադա չկա, բայց ինքնակամ մնում ենք մեր իսկ գծած սահմանների ներսում։

Սերիալների երկիր Հայաստանս. ի՞նչ են հայերն ավելի հաճախ փնտրում համացանցում