Առողջական ինչ խնդիրներից կարող է առաջանալ ձեռքերի մատների թմրածություն և ինչ է հարկավոր անել այդ դեպքում

Վիճակագրական տվյալներով՝ վերջին տասնամյակում մարդիկ մի քանի անգամ ավելի հաճախ են դիմում մասնագետին՝ գանգատվելով ձեռքերի մատների կամ նույնիսկ ամբողջ վերջույթի թմրածությունից:

 

Ձեռքերի թմրածությունը բավական տհաճ երևույթ է, որը կաող է ի հայտ գալ տարբեր մասնագիտությունների տեր և տարբեր տարիքի անձանց մոտ: Այն սովորաբար ուղեկցվում է մատների կամ ամբողջ ձեռքի զգայունության կորստով, ծակծկոցով և ձեռքը շարժել չկարողանալով:

 

Այս խնդիրը պայմանավորված է զգայունության համար պատասխանատու նյարդերի սեղմվածությամբ և ոչ մի դեպքում չի կարող նորմալ համարվել, եթե իհարկե մարդը պարզապես սեփական քաշով չի սեղմել ձեռքը (նստել է ձեռքի վրա կամ պառկել):

 

Սովորաբար մարդիկ փորձում են խնդրի պատճառը գտնել հենց ձեռքի կամ մատների մեջ, սակայն իրականում այն ավելի հեռու է՝ պարանոցի հատվածում: Վնասվածքների հետևանքով հաճախ տեղի է ունենում ողերի տեղաշարժում կամ պարանոցի մկանների և փափուկ հյուսվածքների լարում, ինչի պատճառով էլ հաճախ սեղմվում են դեպի ձեռքը ձգվող նյարդերը: Մարդիկ հաճախ նշում են, որ թմրածություն են զգում միայն ձեռքի որոշակի հատվածում, ինչը պայմանավորված է նրանով, թե նյարդի որ հատվածն է սեղմվել: Վիճակն էլ ավելի կարող է վատանալ տեղային վնասվածքի դեպքում (օրինակ՝ դաստակի տեղախախտում):

 

Ձեռքի թմրածությունից ազատվելու համար հարկավոր է բուժել մկանի սպազմը: Հիմնական մեթոդներն են մկանի ձգումն ու տաքացումը՝ պրոցեդուրաներ, որոնք հարկավոր է պարբերաբար կատարել: Սակայն հիմնական բուժիչ գործոնը օստեոպատիկ ազդեցությունն է: Երբեմն նույնիսկ ծանր դեպքերը հնարավոր է լինում բուժել օստեոպաթիկ բուժման ընդամենը 3 սեանսի միջոցով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ձեռքերի թմրածության պատճառը նախկինում ստացած վնասվածքներն են (գանգի և ողնաշարի ոսկորների տեղախախտում):

 

Դաստակային թունելի համախտանիշ

 

Մարդիկ, որոնք աշխատանքի բերումով ստիպված են երկար ժամանակ անցկացնել համակարգչի մոտ կամ որևէ երաժշտական գործիք նվագելով, հաճախ են բախվում այնպիսի խնդրի, ինչպիսին է դաստակային թունելի համախտանիշը: Ոսկորներից ու ջիլերից կազմված այդ թունելով անցնում են նյարդերն ու անոթները, և եթե ճաճանչ-դաստակային հոդը երկար ժամանակ մնում է անհարմար դիրքով, մինչդեռ մկաններն աշխատում են, ապա այդ հատվածի հյուսվածքները լարվում են և թունելը կարող է նեղանալ, ինչի հետևանքով էլ նյարդերը սեղմվում են: Զգայունությունն ու շարժունակությունն ապահովող նյարդերն արձագանքում են այդ սեղմվածությանը, ուստի նույն դիրքով երկար աշխատելու դեպքում կարող է ի հայտ գալ դաստակի ցավ, թմրածություն ու թուլություն: Ընդ որում՝ վիճակն էլ ավելի է վատանում, եթե մինչ այդ մարդն ունեցել է դաստակի վնասվածք:

 

Ցավը մեղմելու և ճաճանչ-դաստակային հոդի վրա գործադրվող ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում համակարգչի մկնիկով աշխատելիս դաստակի տակ գելով բարձիկ դնել և օգտագործել էրգոնոմիկ ստեղնաշար, որը կնվազեցնի ծանրաբեռնվածությունը:

 

Հարկ է հիշել, որ նման խնդիրների ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի կրել ֆիքսատորներ, քանի որ դրանք դանդաղեցնում են արյան շրջանառություն, նպաստում այտուցների առաջացմանն ու էլ ավելի են սեղմում նյարդը:

 

Փոխարենը կարելի է տաքացնել հոդը հատուկ գելերով, քսուքներով կամ բրդյա շարֆերով: Առհասարակ դաստակային թունելի համախտանիշի բուժման ամենաարդյունավետ միջոցը ոսկորների ու մկանների ճիշտ դիրքի վերականգնումն է:

Առողջական ինչ խնդիրներից կարող է առաջանալ ձեռքերի մատների թմրածություն և ինչ է հարկավոր անել այդ դեպքում