9 ամսում Հայաստանից արտագաղթել է 14 000 մարդ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նոր տվյալներ, համաձայն որոնց՝ 2017թ․ 9 ամիսների ընթացքում հանրապետության բնակչությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է շուրջ 14 000-ով: Եթե դա չլիներ՝ մենք բնական հավելաճ կունենայինք, քանի որ 2017-ին ծնունդների թիվը 12 500-ով ավել է եղել մահերի թվից:
2017թ. մարտի 1-ի տվյալներով` ՀՀ մշտական (մարդիկ, որոնք գրանցված են Հայաստանում, սակայն կարող են կարճատև կամ երկարատև բացակայել Հայաստանից) բնակչությունը կազմել է 2 մլն 981 հազար մարդ: Նշենք, որ 2011թ. Հայաստանում անցկացված մարդահամարի տվյալներով` Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 18 հազար մարդ, այսինքն` պաշտոնական վիճակագրությունը ևս հավաստում է, որ Հայաստանի բնակչությունը գնալով պակասում է: Այդ նվազումը ձևավորվում է տարիներ ի վեր արձանագրվող` բնակչության բնական հավելաճի և շարունակվող միգրացիայի գնահատված մնացորդի ցուցանիշների տարբերության հաշվին: Ընդ որում, 2016թ.-ից սկսած՝ արտագաղթը փոխել է իր էությունն ու բնույթը և հեռացողների մեծ մասն ընտանիքներով են մեկնում Հանրապետությունից: Իսկ եթե դրան գումարվի նաև այն, որ մեկնողների գերակշիռ մասը վերարտադրողական տարիքում գտնվող, աշխատունակ, երիտասարդ մարդիկ են, ապա ամենևին էլ զարմանալի չէ, որ վերջին երկու տարիներին գրանցվում է ծնելիության անկում: Համաձայն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի փորձագիտական տվյալների՝ 2050թ. Հայաստանի համար գոյություն ունի բնակչության թվաքանակի լավագույն և վատագույն երկու տարբերակ: Ըստ լավագույն տարբերակի՝ Հայաստանում բնակչությունը կարող է կազմել 3 մլն 200 հազար, վատագույն տարբերակի համաձայն՝ 2 մլն մարդ: Սա արտագաղթի ռեկորդային ցուցանիշ է 1990-ականներից ի վեր։ Այնքան ռեկորդային, որ անգամ հնարավոր չէ այն «վիճակագրորեն» մաքրագրել։
Միգուցե որոշ գերլավատես մարդիկ կոչ անեն այս ցուցանիշներից աղմուկ չբարձրացնել։ Նրանք, իհարկե, կրկնելու են անգիր արած այն խոսքերը, որ միգրացիան սեզոնային բնույթ ունի, և տարվա վերջին ամիսներին նկատվելու է ներհոսք` մարդիկ վերադառնալու են Հայաստան։ Այսինքն` միգրացիայի բացասական սալդոն կրճատվելու է։ Սեզոնայնության հետ համաձայն ենք։ Սակայն արդեն նախորդ տարիների տխուր փորձով հաստատված ճշմարտություն է, որ գնացածների մի մասն է միայն վերադառնում Հայաստան։ Այսինքն` հացով և տեսարաններով՝ մարդկանց հնարավոր չէ պահել Հայաստանում, ինչը փորձում են անել մեր իշխանությունները։
9 ամսում Հայաստանից արտագաղթել է 14 000 մարդ