Առողջական որ խնդիրների դեպքում է օգտագործվում կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթը

Կալիումի պերմանգանատը (марганцовка) մուգ մանուշակագույն բյուրեղներից բաղկացած փոշի է, որը շատ լավ լուծվում է ջրում՝ տալով դրան մանուշակագույն երանգ: Իր օքսիդացնող հատկությունների շնորհիվ՝ այս նյութը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ՝ վարակների ոչնչացման, այրման, մաշկի ու լորձաթաղանթի չորացման համար:

 

Տարբեր խնդիրների դեպքում կալիումի պերմանգանատի լուծույթը լինում է տարբեր խտության.

 

·        Ստամոքսի լվացման համար օգտագործվում է 0.01-0.1 տոկոսանոց ջրային լուծույթ (բաց վարդագույն),

 

·        Վերքերի ախտահանման համար՝ 0.1-0.5 տոկոսանոց (վարդագուն),

 

·        Վերքերն ու խոցերը մշակելու համար՝ 2-5 տոկոսանոց (մանուշակագույն):

 

Որ դեպքերում է օգտագործվում կալիումի պերմանգանատի լուծույթը

 

Սուր սննդային թունավորման դեպքում

 

Այս դեպքում այն օգտագործվում է որպես ախտահանող միջոց: Հիվանդը պետք է խմի բաց վարդագույն լուծույթը, որից հետո նրա մոտ հարկավոր է արհեստականորեն փսխում առաջացնել: Հարկ է հիշել, որ երբեմն ոչ բոլոր բյուրեղներն են լուծվում ջրում, ինչը կարող է դառնալ ստամոքսի լորձաթաղանթի այրվածքի պատճառ: Նման բարդություններից խուսափելու համար նախ հարկավոր է պատրաստել կալիումի պերմանգանատի թունդ լուծույթ, այնուհետև ստացված լուծույթից փոքր քնակությամբ ավելացնել լվացման համար նախատեսված ջրին: Բացի այդ, ստացված լուծույթը հարկավոր է անպայման քամել:

 

Երեխաներին լողացնելիս

 

Կալիումի պերմանգանատի լուծույթը մի փոքր չորացնում է երեխաների մաշկը: Այս դեպքում հարկավոր է զգույշ լինել և շատ թունդ լուծույթ չպատրաստել: Ջրին պետք է ավելացնել ոչ թե բյուրեղները, այլ թունդ լուծույթը, որպեսզի պատրաստի լուծույթը ստանա թույլ վարդագույն երանգ:

 

Շաղկապենաբորբի (կոնյուկտիվիտ) կամ կոպաբորբի (բլեֆարիտ) դեպքում

 

Թույլ վարդագույն լուծույթն օգտագործվում է նաև շաղկապենաբորբի և կոպաբորբի դեպքում աչքերը լվանալու համար:

 

Աղիների աշխատանքի խանգարում

 

Փորլուծությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում առավոտյան ու երեկոյան մեկական բաժակ կալիումի պերմանգանատի թույլ վարդագույն լուծույթ խմել: Սովորաբար ընդամենը մեկ բաժակը բավական է լինում խնդրից ազատվելու համար:

 

Տանը ծանր անկողնային հիվանդ ունենալու դեպքում

 

Նման դեպքերում տան օդը հաճախ «ծանրանում» է և նկատվում են տհաճ հոտեր: Պարզապես հարկավոր է սենյակում դնել կալիումի պերմանգանատի վարդագույն լուծույթով լի բաժակ, որը կկլանի բոլոր տհաճ հոտերը:

 

Ջերմային այրվածք

 

Ախտահարված հատվածներին հարկավոր է կալիումի պերմանգանատի սառը լուծույթով թրջված վիրակապեր դնել: Ընդ որում՝ որքան լուրջ է խնդիրը, այնքան թունդ պետք է լինի լուծույթը (2-5 տոկոսանոց):

 

Նշիկաբորբի ու ստոմատիտի դեպքում

 

Հարկավոր է օրական 4-5 անգամ ողողել կոկորդը կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով:

 

Հայմորիտի դեպքում

 

Հայմորիտի դեպքում հարկավոր է քթանցքներն օրական 2-3 անգամ ողողել կալիումի պերմանգանատի թույլ գոլ լուծույթով:

 

Ներաճած եղունգի դեպքում

 

Հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում (ցավ, փոքրիկ խոցեր, արյուն ու թարախ) հարկավոր է ոտքերը դնել կալիումի պերմանգանատի 2-5 տոկոսանոց գոլ լուծույթի մեջ, այնուհետև ախտահարված մատին քսել սինտոմիցինի 10 տոկոսանոց լինիմենտ և վիրակապել:

 

Չնայած, որ կալիումի պերմանգանատի լուծույթի օգտագործման համար ոչ մի հակացուցում չկա, այնուամենայնիվ հարկավոր է ուշադիր լինել լուծույթը պատրաստելիս և հետևել, որ բոլոր բյուրեղները ջրում լուծված լինեն:

Առողջական որ խնդիրների դեպքում է օգտագործվում կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթը