Հիմա սպասում ենք, 20-30 կմ շատ լավ երևում է ինչ տեղաշարժ կա

Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

Պարոն Տեր-Թադևոսյան, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի կողմից Թուրքիային մոտ 2,5 մլրդ դոլարի U 400 համալիրներ տրամադրելու վերաբերյալ գործարքը:

Սա բիզնես է, Ռուսաստանի բիզնես շահերն այդպես են պահանջում: Ռուսները արդեն C 500 ու C 400-ները կարող են վաճառել, բայց սրանք արդեն հին զենքի տեսակներ են: Ռուսաստանն ունի իր շահերը, Թուրքիային ծախում է, Ադրբեջանին ծախում է:

Ռազմական փորձագետները նշում են, որ Նախիջևանում կուտակումներ կան, զորավարժություններ են անցկացվում: Ի՞նչ է կատարվում Նախիջևանի հատվածում:

Զորավարժություններ են անցկացվում ոչ միայն Նախիջևանում, այլև Վրաստանում, Թուրքիայում: Մենք կենտրոնն ենք, իրենք մեր շուրջը պտտվում են: Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, ենթադրում եմ, նաև այդ հարցերն է քննարկվել: Դուք գիտեք, որ ՀԱՊԿ-ն աստիճանաբար ոտքի է կանգնում, բացի այդ՝ հայ-ռուսական միացյալ ստորաբաժանումը կսկսի իր գործառույթների իրականացումը: Իսկ մնացածը կարծում եմ Ադրբեջանի կողմից հերթական շոուն է:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում:

Ես այդ հարցերով չեմ զբաղվում, չեմ կարող ասել: Դա Էդվարդ Նալբանդյանը կարող է ասել: Իմ կարծիքով՝ ոչ մի լուրջ գործողություն չի լինի:

ԱՄՆ արդեն նախկին համանախագահ Հոգլանդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտությանկարգավորման 6 հիմնական կետերը: Մտահոգվելու առիթ կա՞:

Չէ, մտահոգվելու առիթ չունենք: Նման առաջարկներ նախկինում էլ են եղել, որևէ նորություն չկա: Նախկինում ասում էին Զանգեզուրը տանք, էս անենք, էն անենք, բայց այդպիսի հարցերը որոշվում է տեղական մակարդակում, Ղարաբաղի հասարակությունը, այնտեղ պետք չէ խորհուրդ տալ:

Կազանյան փաստաթուղթը չէ՞ հիմքում, ինչին Հայաստանը համաձայնվել է:

Այն ժամանակ ուրիշ ղեկավարություն ունեինք, ասում էին՝ ոչ թե տարածքները, այլ Ղարաբաղն էլ պետք է Ադրբեջանի մաս կազմեր: Բայց կամաց-կամաց իրավիճակը փոխվում է: Մենք ունենք այն պետությունը, որն ունենք: Ոչ դիվանագիտական, ոչ մարդկային առումով չենք կարող խոսել Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանն ասում է, որ Երևանն էլ է Ադրբեջանինը: Ինքն իր պատմությունն է կերտել և ուզում է իր գումարներով բոլորին ապացուցել, որ իբր մենք ագրեսոր ենք:

Ղարաբաղից եք գալիս, իրավիճակն ինչպե՞ս է սահմանին:

Շատ լավ, այնտեղ մարդիկ գիտեն իրենց աշխատանքները, իրենց առաջադրանքները և աշխատում են: Ճիշտն ասած, մենք չէինք սպասում ապրիլյան գործողություններին: Պետք է ճիշտն ասել՝ չէինք սպասում, և մեզ մեր երիտասարդ զինվորները, սպաները փրկեցին, բայց հիմա ամեն դեպքում սպասում ենք, լավ կարողանում ենք իրականացնել: Մինչև 20-30 կմ շատ լավ երևում է ինչ տեղաշարժ կա: Մենք արդեն իրենց քայլերը կարողանում ենք վերահկսել և կարող ենք շատ լավ դիմավորել նրանց:

Հիմա սպասում ենք, 20-30 կմ շատ լավ երևում է ինչ տեղաշարժ կա