«Շանթի» պարզաբանումը Արտյոմ Կարապետյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

 

Էլեկտրոնային մամուլում լուրեր են շրջանառվում, որ դերասան Արտյոմ Կարապետյանի և «Շանթ» հեռուստաընկերության միջև կոնֆլիկտ է եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի նա չներկայանա «Անուղղելիները» նոր նախագծում, որը «Վերվարածների» շարունակությունն է։

 

Արտյոմն այս պահին երկրում չէ, նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, իսկ ահա «Շանթ» հեռուստաընկերությունից հերքեցին կոնֆլիկտի մասին լուրերը։ Ավելին, ենթադրվում է, որ Արտյոմը ներգրավված կլինի նախագծում։ Հեռուստաընկերության Հանրային կապերի բաժնի պատասխանատու Հայկ Կիրակոսյանը Tert.am Life–ին ասաց, որ կոնֆլիկտներ, ֆինանսական խնդիրներ և պարտքեր չկան։

 

«Կոնֆլիկտի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա բացակայությունը նախագծում պայմանավորված է Հայաստանից բացակայությամբ։ Մենք չենք բացառում իր ներգրավվածությունը նախագծում։ Քննարկվում է 2 տարբերակ։ Առաջինն այն է, որ նա վերադառնա Հայաստան և նկարահանվի իր կերպարում։ Երկրորդ տարբերակը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով լուծումն է։ Այսօր տեխնիկան թույլ է տալիս մասնակցել նախագծերին նաև հեռվից։ Միգուցե, սցենարական լուծում տրվի, որ իր կերպարը մեկնել է արտագնա աշխատանքի և նա նկարահանումներին մասնակցի սկայպով։ Սցենարիստը դա չի բացառում»,– ասաց նա։

 

Հարցին` կարելի՞ է ենթադրել, որ նախնական պայմանավորվածություն ունեն Արտյոմի հետ, Հայկը պատասխանեց. «Կարող ենք համարել այդպես, որովհետև ստեղծագործական թիմի կողմից պատրաստակամություն կա անել նման առաջարկ։ Վստահ ենք, որ Արտյոմը կընդունի այն։ Հիմնվելով ֆիլմի ստեղծագործական թիմի ակնարկների վրա` կարող եմ ենթադրել, որ Արտյոմը, անպայման, ներգրավված կլինի նախագծում, ուղղակի դա չի լինի սկզբնական փուլում»։

 

«Շանթի» պարզաբանումը Արտյոմ Կարապետյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին

«Շանթի» պարզաբանումը Արտյոմ Կարապետյանի հետ կոնֆլիկտի լուրերի մասին