«Հաղթելու ցանկությունը մեծ է». Նունե Եսայանը` «Հայաստանի ձայնի» մասին

«Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանի ավագ մարզիչը Նունե Եսայանն է, որը հարուստ կենսափորձ ունի։ Tert.am Life–ի հետ զրույցում Նունեն պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի նախագծում և ինչպես է ընտրելու իր թիմին։

 

«Քանի որ  սկզբում լինելու են «Կույր լսումներ», առաջին հերթին ուշադրություն եմ դարձնելու ձայնին։ Այնուհետև հաշվի կառնեմ տեսքը, ճաշակը։ Վերջինը կարելի է ձևավորել նաև հետո։ Ամենակարևորը` մասնակցի աշխատասիրությունն ու սովորելու ունակությունն է։ Եթե երիտասարդն ունակ է լսել ավելի փորձառու մեկին և ընդունել նրա խոսքը, ուրեմն, հաղթանակի գրավական կա»,– նկատեց երգչուհին։

 

Նունեի խոսքով` նշանակություն չունի, թե տվյալ երգիչը կամ երգչուհին ինչ ուղղություն կունենան։ «Ես պատրաստ եմ նրանց տալ ուղղություն` լինի դա ռոք, ջազ, ժողովրդական, թե փոփ։ Ես ամեն ինչ եմ լսում, ամեն ինչից տեղյակ  եմ։ Քանի որ գտնվում եմ հին և նոր սերնդի խաչմերուկում, կարծում եմ, կարող եմ տալ այն, ինչ կպահանջվի»,– ասաց նա։

 

«Հաղթելու ցանկությունը մեծ է». Նունե Եսայանը` «Հայաստանի ձայնի» մասին

 

Անդրադառնալով ժյուրիի մյուս անդամների` Սևակ Խանաղյանի, Սոֆի Մխեյանի և Արամեի հետ մրցակցությանը` Նունեն նշեց, որ կոպիտ մրցակցություն չի լինի. «Մենք բոլորս գործընկերներ ենք և սիրում ենք իրար, սակայն հաղթելու ցանկությունը մեծ է, ես, ինչպես ժյուրիի մյուս անդամները, կուզեի, որ հաղթեր իմ մասնակիցը»։

 

Իր հնարավորությունները նախապես գնահատել երգչուհին չցանկացավ։ «Չեմ կարող հիմա գնահատել իմ շանսերը, որովհետև դեռ ծանոթ չեմ մասնակիցներին, բայց կարծում եմ` կընտրեմ այնպիսի մասնակիցների, որոնց հետ կարողանամ աշխատել և հասնել լավ արդյունքի»,– եզրափակեց Նունեն։

«Հաղթելու ցանկությունը մեծ է». Նունե Եսայանը` «Հայաստանի ձայնի» մասին