Sputnik-ն օգնեց հավատալ հրաշքների. Կուբացի Լուսիան գտել է հորը և Հայաստանում է

Կուբացի Լուսիա Խիմենես Պեռնասն այսօր ժամանեց Հայաստան։ Նա հույս ունի` վերջապես կհանդիպի հորը, այն միակ մարդուն, որն իրեն կապում է Հայաստանի հետ։ Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի շնորհիվ կուբացի Լուսիան գտավ իր հայազգի հորն, ու 40 տարի անց նա, վերջապես, կտեսնի նրան։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի–Sputnik, Գոհար Սարգսյան. Երբ Կուբայից ժամանող ինքնաթիռը վայրէջք էր կատարում, Լուսիայի դեմքին անսովոր ու երկարատև ժպիտ հայտնվեց, սիրտը բաբախեց։ Կողքից այնքան արտասովոր էր տեսարանը, որ հարևանությամբ նստած ուղևորը խենթի տեղ դրեց նրան։ Այդ ամենը Լուսիա Խիմենես Պեռնասը պատմեց, երբ հանդիպեց մեզ։ Ոտքը հայկական հողին դնելուն պես Լուսիայի աչքերն արցունքոտվեցին։

«Զգացմունքներս խեղդում են»,– հազիվ կարողացավ արտաբերել այս բառերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Spunik Արմենիան հոդված էր հրապարակել, որում պատմում էր սովորական կուբացու արտասովոր պատմության մասին։

1975 թվականի հունվարն էր: Լուսիայի 28-ամյա մայրն աշխատում էր Մոսկվայում՝ Կուբայի դեսպանատանը: Այնտեղ աշխատելու շրջանում կինն ապրել է «Վարշավա» հյուրանոցում, որտեղ ամիսներ անց հանդիպել է հասակակից հայ երիտասարդին ու սիրահարվել:

Լուսիային մայրը պատմել է՝ թվում էր, թե ամեն ինչ հիանալի է, բայց անսպասելի խնդիրներ են առաջացել, և Արմեն անունով հայ երիտասարդը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան, կուբացի կինն էլ՝ իր հայրենիք:

«Նրանք չկարողացան միմյանց փոխանցել իրենց տվյալները: Մայրս չգիտեր, որ հղի է, այդ մասին նա իմանում է Կուբա վերադառնալուց հետո: Ես ծնվել եմ 1976 թ. մարտի 14-ին: Մայրս միշտ ասել է ինձ, որ իմ հայրը հայ է, և նրա անունն Արմեն է, բայց երբեք չի կարողացել հասկանալ նրա ազգանունը, որը մի թղթի կտորի վրա գրված պահպանել է մինչև այսօր»,- պատմում  էր Լուսիան:

Այսօր արդեն առերես հանդիպման ժամանակ Լուսիան պատմեց` որոշել էր Հայաստան գալ դեռևս հունիս–հուլիս ամիսներին, հետո մտափոխվեց։

«Իմ մեջ վախ կար, որ կարող եմ ինչ-որ կերպ վնաս հասցնել իմ հոր ընտանիքին, ավանդույթներին, իսկ ես ավանդույթներ հարգող մարդ եմ։ Հետո որոշեցի, ամեն դեպքում, գալ Հայաստան, ծանոթանալ այդ երկրին, մշակույթին։ Եթե հայրս կցանկանա ինձ տեսնել, լավ, եթե կմտածի, որ մեր հանդիպումն իրեն կարող է վնաս հասցնել՝ Աստված նրա հետ։ Ուրեմն, ճակատագիրն այդպես է ցանկացել։ Ես կգնամ՝ Հայաստանի մի կտորը հետս տանելով և իմանալով, որ հայր ունեմ»,– ասաց նա։

Հայ հայրիկի մասին Լուսիան իմացել է այն բանից հետո, երբ դպրոցում հարցրել են` իսկ ու՞ր է հայրիկդ։ Նա գնացել է տուն ու մորից հետաքրքրվել։ Դրանից հետո Լուսիան կարդացել է հայոց պատմությունը, հետաքրքրվել հայկական մշակույթով, ավանդույթներով։ Բայց հորը գտնելու միտքն անգամ նրան արկածախնդրություն էր թվում. չէ՞ որ միայն նրա անունը գիտեր։

«Այս պատմությունից հետո հավատում եմ հրաշքների»,– ասաց նա։

Люсия Хименес Пернас
ЛИЧНЫЙ АРХИВ Л.ХИМЕНЕС
Լուսիա Խիմենես Պեռնաս

Կուբացի կինը խոստովանում է` երբեք էլ իսկական կուբացի իրեն չեն համարել, քանի որ ավելի բաց գույնի մաշկ ունի, աչքերի ու մազերի գույնը ևս չի համապատասխանում տեղացիների նկարագրին։

Լուսիա Խիմենես Պեռնասի` Երևանում առաջին զբոսանքը Հանրապետության հրապարակում էր։ Առաջին բանը, որից զարմացավ, ցայտաղբյուրի ջուրն էր։ Վախվորած մոտեցավ, համտեսեց մեզ չնեղացնելու համար։ Հետո համն առավ, կրկին փորձեց ու բացականչեց` այս ջուրը Հայաստանի համն ունի։

Վերջնականապես որոշել է` երբ ծերանա, կյանքի վերջին տարիներն ապրելու է Հայաստանում։

 

Sputnik-ն օգնեց հավատալ հրաշքների. Կուբացի Լուսիան գտել է հորը և Հայաստանում է