Թոքերի քաղցկեղի զարգացման ախտածին գործոններն ու ախտանշանները

Թոքի քաղցկեղը հանդիսանում է չարորակ ուռուցքների առավել հաճախ հանդիպող տեղակայումներից մեկը 40-ից բարձր տղամարդկանց և կանանց մոտ, ընդ որում՝ 50-70 տարեկան տղամարդիկ 8-10 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք: Թոքի քաղցկեղը դժվարությամբ է բուժվում և, օրգանի հարուստ արյան մատակարարման և զարգացած ավշային ցանցի շնորհիվ բնորոշվում է ամբողջ օրգանիզմում չարորակ բջիջների արագ տարածումով, այսինքն՝ վաղ մետաստազների առաջացումով:

Թոքի քաղցկեղի զարգացման մեջ նախատրամադրում են այնպիսի ախտածին գործոններ, ինչպիսիք են՝

• Ծխելը՝ 20 տարուց ավելի կամ օրական 20 և ավելի գլանակ ծխող անձանց մոտ քաղցկեղի զարգացման ռիսկն աճում է 15-20 անգամ:

• Շրջակա միջավայրի և օդի աղտոտվածությունը արտանետվող գազերով, քիմիական արդյունաբերության, մետալուրգիական արտադրության արգասիքներով և այլ քաղցկեղածին նյութերով:

• Շնչառական օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդությունները՝ քրոնիկ բրոնխիտը, քրոնիկ թոքաբորբը և հետբորբոքային մնացորդային փոփոխությունները թոքերում:

• Մասնագիտական վնասակար գործոնները՝ ասբեստի, վիսմուտի, մկնդեղի, մրի, բնական խեժերի, երկաթի փոշու և տարբեր ներկանյութերի գոլորշիների ներշնչումը:

• Ճառագայթման, ռենտգենյան ճառագայթների և արևի ճառագայթների քաղցկեղածին ազդեցությունը:

• Քաղցկեղածին նյութերի ընդունումը սննդի հետ:

• Թոքերի և բրոնխների վնասվածքները:

• Ժառանգական նախատրամադրվածությունը:

• Թոքի քաղցկեղը գործնականում երբեք չի ընթանում առանց ախտանիշների: Մինչդեռ դրանց դրսևորումները, հատկապես վաղ փուլերում, այնքան ոչ բնորոշ են, որ կարելի է վերագրել շնչառական համակարգի ցանկացած այլ հիվանդության:

• Թոքի քաղցկեղը հաճախ ընթանում է բրոնխների (բրոնխիտ), թոքաբորբի, տուբերկուլոզի, գրիպի, բրոնխային ասթմայի և այլ հիվանդությունների ոչ սպեցիֆիկ բորբոքման «դիմակի» տակ: Ընդ որում, ոչ սպեցիֆիկ բորբոքման դրսևորումները իրոք որոշվում են երկարատև ժամանակի ընթացքում (8-16 ամիս) և դժվարացնում են ուռուցքի ախտորոշումը: Սրա հետ կապված, ցանկացած հիվանդ, որը դիմում է երկարատև հազի կամ ձգձգվող (3 շաբաթից ավելի), բուժման նկատմամբ կայուն թոքաբորբի գանգատներով, ենթակա է ռենտգենաբանական հետազոտության՝ թոքի քաղցկեղը բացառելու նպատակով:

• Թոքի քաղցկեղի դրսևորումները, ամենից առաջ, կախված են ուռուցքի աճի բնույթից, նրա տեղակայումից և չափերից: Թոքի ծայրամասային քաղցկեղը երկար ժամանակ ընդհանրապես ոչ մի կերպ չի դրսևորվում և ախտորոշվում է ուշ փուլերում, երբ շնչելիս զգացվում են ցավեր կրծքավանդակում, կապված պլևրային խոռոչի մեջ ուռուցքի ներաճելով և թոքաբորբի առաջացմամբ, կամ հևոցով, առաջացած թոքի զգալի մասի ախտահարումով:

• Ուռուցքի կենտրոնական աճը և խոշոր բրոնխների ճնշումը արագ բերում է հազի և հևոցի: Հիվանդները գանգատվում են հոգնածությունից, օդի անբավարարությունից սովորական իրավիճակներում և հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Ավելի ուշ առաջանում է արյունային խորխ, որն առաջանում է ուռուցքի քայքայումից:

Աղբյուրը: Tert.am

Թոքերի քաղցկեղի զարգացման ախտածին գործոններն ու ախտանշանները