Շարքային զինվորը Վազգեն Սարգսյանին թույլ չտվեց մեքենայով զորամաս մտնել

Վազգենի մասին շատ պատմություններ կան, որոնց մեծ մասը իմացել ենք ծառայության ժամանակ: Դրանցից մեկը այսօր պահի տակ հիշեցի:

Նախարար Վազգեն Սարգսյանը անձնական մեքենայով այցելում է զորմասերից մեկը՝ ստուգումների: Սովորաբար, երբ նախարարի մեքենան մոտենում էր զորամասի պահակակետին, դռները արդեն բաց էին լինում, բայց այդ անգամ նախարարը ստիպված եղավ կանգնել դարպասների մոտ, քանի որ շտաբի հերթապահ զինվորը դռները չբացեց:

Զինվորը մոտեցավ նախարարի մեքենային և ներկայացավ: Վազգեն Սարգսյանը հարցրեց՝ արդյոք զինվորը ճանաչում է իրեն: Հարցին դրական պատասխան ստանալուց հետո Վազգենը շարունակեց.
— Այդ դեպքում ինչու՞ դարպասները չես բացում։
— Պարո՛ն նախարար, եթե դուք լինեիք նախարարությանը պատկանող մեքենայով, ես դարպասները կբացեի, բայց գնդի հրամանատարի կողմից հրաման ունենք, որ ոչ մի քաղաքացիական մեքենա չպետք է մուտք գործի զորամասի տարածք:

Պատասխանը լսելուց հետո նախարարը մեքենան կանգնեցրեց զորամասին հարակից տարածքում և ոտքով ներս մտավ զորամաս: Ասում են, որ Վազգեն Սարգսյանը ավելի շատ տեղ էր տալիս զինվոր-հրամանատար հարաբերություններին և շատ էր հարգում հրամանատարի հրամանները անթերի կատարող զինվորներին, նույնիսկ եթե իրեն քաղաքացիական մեքենայով թույլ չէին տալիս զորամաս մտներ:

Շարքային զինվորը Վազգեն Սարգսյանին թույլ չտվեց մեքենայով զորամաս մտնել