Դեպքերն սկսեցին յուրօրինակ ընթացք ստանալ. հանկարծ հայտնվեց Ծառուկյանը

Մեր զրուցակիցն է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը - lragir.am

Հարցազրույցի առաջին մասն՝ այստեղՊարոն Սարաֆյան, կա տեսակետ, որ Հայաստանում թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերը ակամայից նպաստում են իշխանությունների վերարտադրությանը։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

Այո, միանշանակ, որովհետև, այսպես թե այնպես, այս 25 տարում չձևավորվեց քաղաքացիական հասարակություն։ Անշուշտ, 25 տարին կարճ ժամանակ է, որ նման հասարակություն ձևավորվի, և դժբախտաբար և ընդդիմությունը, և քաղաքական կազմակերպությունները չեն կարողանում այդ փակ շրջանակից դուրս գալ։Խոսքը նաև ձեր կուսակցության մասի՞ն է։Այո, բոլորին է վերաբերում, ես ոչ մեկին չեմ ուզում առանձնացնել, և բոլորս կրում ենք պատասխանատվություն այս իրավիճակի համար։ Մեզնից է կախված, թե ինչպես կվերաբերվենք հարցերին։ Մեր հրամայականն այն է, որ կարողանանք հասնել այնտեղ, որ ժողովուրդը լսի, հասկանա մեր ասածը, և մենք կարողանանք քաղաքական դաշտում իսկապես փոփոխություն առաջացնել։

Շուտով Ձեր կուսակցության 21-րդ համագումարն է։ Ի՞նչ ակնկալիքներ կան համագումարից, ո՞րն է լինելու օրակարգը։ Չի ստացվո՞ւմ, որ ժամանակ առ ժամանակ համագումար եք անում, հիշեցնում կուսակցության մասին ու հետո նորից քաղաքական պասիվության անցնում։

Նախ՝ մեր համագումարը պատմականորեն տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ։ Համագումարը երբեմն շատ հարցերի պատասխաններ է տալիս, երբեմն էլ շատ հարցադրումներ առաջացնում և առաջադրանքներ դնում ողջ կուսակցության առջև՝ և Հայաստանում, և սփյուռքում։ Նույն տրամաբանությամբ նաև այս համագումարն է տեղի ունենում։ Բացի կուսակցական, կազմակերպչական հարցերից, այս բոլոր հարցերը, որոնց մասին խոսեցինք, համագումարի օրակարգում ներառված են։ Այսինքն՝ կուսակցությունն ինչ մարտավարություն պետք է ընդունի այստեղ, ընդհանրապես ինչպես ենք վերաբերվում Հայաստանի այսօրվա իրավիճակին, ղարաբաղյան հարցին, ներքաղաքական ու տարածաշրջանային խնդիրներին, ինչու չէ՝ նաև համաշխարհային, սփյուռքի հետ կապված հարցերին։ Հույս ունենք, որ կարողանալու ենք ինչ-որ ձևով ձևավորել մի պլատֆորմ և մոտեցում, որպեսզի նախանշենք կուսակցության հետագա աշխատանքները։ Հստակ է, որ բավական դժվար է մեզ և ոչ միայն մեզ համար, այսօր Հայաստանի քաղաքական դաշտում մեր տեղը կարողանալ գտնել, որովհետև մի շարք հանգամանքներ պատճառ են դառնում, որ կուսակցությունը չկարողանա դրսևորվել։ Հայաստանում ստեղծված համակարգը կարծրացել է արդեն, ու հիմա այդ համակարգը փշրելու և նոր համակարգ ձևավորելու հրամայականի առջև ենք կանգնած։

ԱԺ ընտրություններում մենք տեսանք, որ ՍԴՀԿ-ն պատրաստ էր գնալ ու համագործակցել մի քաղաքական ուժի հետ, որի առաջնորդն այսօր չի բացառում հնարավոր կոալիցիան իշխանությունների հետ, մեկը, ով մշտապես քաղաքական դաշտում անկայունություն է ցույց տվել։ Եվ այդ համագործակցությունը չստացվեց այն պատճառով, որ Ծառուկյանը չուզեց։

Այդքան միանշանակ ես չէի ասի, որովհետև երբ սկսվեց այդ համագործակցությունը, Ծառուկյան անունը չկար։ Սկզբնական շրջանում բանակցություններն ընթանում էին մի քանի քաղաքական ուժերի միջև, որոնց թվում էր նաև ԲՀԿ-ն, իսկ Ծառուկյանն այդ ժամանակ ԲՀԿ-ի մաս չէր կազմում։ Բանակցում էինք Հայաստանի ժողովրդական կուսակցության, ՀՀՇ-ի, «Ազատ դեմոկրատների» հետ։ Այսինքն՝ խոսվում էր մի խմբավորման մասին։ Հայաստանում այդ ավանդույթը կա, որ պարտադիր չէ, որ բոլորը նույն գաղափարական դաշտում լինեն, բայց եթե ընդհանրական քաղաքական տեսակետներով համընկնում է նրանց մոտեցումները, կոալիցիա կարող են կազմել։ Նաև կարող են օգտվելով կոալիցիայի ընձեռած հնարավորություններից, կարողանան դաշտն ընդլայնել և ընտրություններում ավելի շատ ձայներ ստանալ։ Բանակցություններն այդ տրամաբանությամբ են սկսվել, ինչու ոչ, նաև մեր կուսակցության կենտրոնական վարչության հավանությամբ, սակայն դեպքերն սկսեցին շատ յուրօրինակ ընթացք ստանալ. հանկարծ հայտնվեց Ծառուկյանը, անունը փոխվեց դարձավ «Ծառուկյան» դաշինք, ինքը հանկարծ դարձավ ԲՀԿ-ի պաշտոնական առաջնորդը, և ստացվեց այնպես, որ ամբողջ ուղղությունը սկսեց փոխվել։Այդ պահից մենք արդեն մտահոգություններ սկսեցինք ունենալ, որովհետև այս մարդը տարիներ շարունակ իշխանությունների հետ համագործակցել էր, բայց միաժամանակ մտածում էինք, որ միգուցե փոխվել են ժամանակներն այն առումով, որ բոլոր քաղաքական ուժերն էլ այս կամ այն ձևով կամ համագործակցել են, կամ ինչ-որ ժամանակով եղել են իշխանության մեջ, այնուհետև ընդդիմության մեջ։ Այսինքն՝ մեկին պիտակավորել, որ եթե մի անգամ եղել է իշխանության մեջ, միշտ պետք է այդպիսին մնա, այդպիսի մտածելակերպը քաղաքական դաշտում ճիշտ չէ։ Առավել կարևոր է տեսնել, թե տվյալ կուսակցությունն այս պահին ինչ տրամաբանությամբ, ինչ սկզբունքներով է շարժվում, ինչ տեսլական ունի։ Բայց հետո  հարցերը գնալով սկսեցին բարդանալ, և գնալով Հնչակյան կուսակցության դերակատարությունն այդ կոալիցիայում սկսեց որակապես փոխվել այն առումով, որ որոշումներն սկսեցին ընդունվել ոչ բոլորի մասնակցությամբ։ Եթե սկզբնական շրջանում կոնսենսուսային մոտեցում կար, խորհրդակցաբար էին որոշումներն ընդունվում, հանկարծ կոալիցիան դարձավ բրգաձև մի մարմին, որի գլխին նստած էր Գագիկ Ծառուկյանը։ Պարզ էր, որ մեզ հարիր չէր մտնել մի կոալիցիա և միայն աթոռ ունենալու հույսով ենթարկվել որևէ որոշման։ Արդեն այդ ժամանակ սկսեցին հարցեր առաջանալ, որն ավարտվեց նրանով, որ մեր կուսակցության հայաստանյան մարմինը որոշեց դադարեցնել համագործակցությունը, քանի որ արդեն հասկանալի էր, թե ինչ ուղղությամբ է գնում կոալիցիան։ Անիմաստ էր կախյալի կարգավիճակով առաջ գնալը։

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին։ Ինտրիգը շարունակում է մնալ հարցը, թե ով կլինի վարչապետ 2018-ի ապրիլի՞ն։ Եվ արդյոք ձեր կուսակցությունն ունի մոտավոր համակրանք թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ։

Սովորաբար, որևէ երկրում, երբ սպասվող քաղաքական փոփոխությանը մնում է 6 ամիս, արդեն որոշ երևույթներ են առաջանում քաղաքական դաշտում, երբ ընթացքը սկսում է ավելի կանխատեսելի դառնալ։ Դժբախտաբար, Հայաստանում դա չկա, կան պալատական ինտրիգներ, խոսակցություններ կուլիսներում, մամուլում անուղղակի կամ ուղղակի հոդվածներով կամ կարծիքներով։ Սա, անշուշտ, ԽՍՀՄ-ից եկած երևույթ է։ Այստեղ կարծես քաղաքական օրինաչափությունը դա է, որ պետք է հրապարակումներ լինեն, այդտեղ ենթատեքստեր լինեն և այլն։ Մենք ընդհանրապես անձնականացված մոտեցում չենք ցուցաբերել, և այս պարագայում մեզ համար այնքան էլ էական չէ վարչապետի անձի ով լինելը։ Խնդիրն ավելի խորն է, խնդիրն անձի հետ կապված չպետք է լինի։ Եթե մարդիկ պետք է շարունակեն մտածել, որ այս կամ այն անձով է պայմանավորված փոփոխությունը, ուրեմն գնում ենք սխալ ուղղությամբ։Մենք հենց առաջին օրից կողմնակից ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին այն հույսով, որ խորհրդարանական համակարգին անցնելը կստեղծի կառավարության կամ պետական համակարգում փոփոխություններ մտցնելու հնարավոր պայմանները, բայց խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ոչինչ չի փոխվել։ Նույնիսկ մեծամասնական-համամասնական ցուցակներից խուսափելը վերածվեց մեկ այլ անվան տակ մեծամասնական-համամասնական նույն սկզբունքին։ Այդ առումով վերապահում ունենք տեղի ունեցածի վերաբերյալ, և որքան ժամանակը մոտենա, ավելի պարզ կդառնա ոչ միայն այն, թե ով է լինելու վարչապետը, այլև թե ինչպիսի կառավարման համակարգ է լինելու, այսինքն՝ ովքեր են լինելու գլխավոր խաղացողները, ինչպիսի կառավարություն է լինելու։

Դեպքերն սկսեցին յուրօրինակ ընթացք ստանալ. հանկարծ հայտնվեց Ծառուկյանը