Ինչպես փրկել մարդու կյանքը, եթե նրա շնչուղիներում օտար մարմին է հայտնվել (լուսանկարներ)

Շատերը չգիտեն`ինչ անել, երբ դիմացինը խեղդվում է ուտելիքից, ըմպելիքից կամ այլ օտար մարմնից, և սկսում է շնչասպառ լինել: Նույն իրավիճակում կարող ենք հայտնվել նաև մենք, և պետք է իմանալ` ինչ գործողությունների դիմել փրկվելու համար:

 

AdMe.ru-ն մանրամասն ուղեցույց է պատրաստել, որը նման իրավիճակում կօգնի ճիշտ գործողությունների դիմել և փրկել մարդու կյանքը:

 

Ուտելիքից կամ ըմպելիքից խեղդվելու դեպքում պետք է հազալ

 

Շնչուղիներն ազատելու և ուտելիքի կտորը շնչափողից հանելու ամենաարդյունավետ միջոցը հազալն է:

 

Նման իրավիճակում ոմանք փորձում են զսպել հազը` ուղղելով մեջքն ու շնչելով քթով, սակայն սա սխալ որոշում է: Խեղդվելու պահին չի կարելի նաև ջուր խմել. պետք է տուժածին ջուր տալ միայն այն բանից հետո, երբ նրա հազն անցել է:

 

 

Եթե հազալն անհնար է, խփեք տուժածի մեջքին

 

Եթե տուժածը չի կարողանում հազալ, առաջին հերթին պետք է թեքել նրան առաջ` դեպի ներքև, և բաց ձեռնափով ուժեղ խփել թիակների արանքի հատվածին` բերանի ուղղությամբ: Կարևոր է ուղղորդիչ հարվածներ անել, այլ ոչ թե ուղղակի խփել:

 

Չի կարելի մեջքին խփել, երբ տուժածը կանգնած է ուղիղ դիրքով, առավել ևս` խփել բռունցքով, քանի որ այս դեպքում ուտելիքի կտորն ավելի խորը կգնա և կփակի շնչուղիները: Եթե հազը կրկնվում է՝ դադարեք խփել:

 

 

Եթե տուժածը չի կարողանում շնչել, գործածեք Հայմլիխի մեթոդը

 

Հայմլիխի մեթոդը գործածելու դեպքում թոքերից դուրս է գալիս օդը, որը չի օգտագործվում շնչառության ժամանակ և որն օգնում է դուրս մղել շնչուղիներում մնացած առարկան:

 

Կանգնեք տուժածի մեջքի հետևում և գրկեք նրան: Մի ձեռքի բռունցքը դրեք նրա որովայնի վրա` պորտի և ներքևի կողերի արանքում, իսկ մյուս ձեռքի ափը դրեք բռունցքի վրա: Մի քանի անգամ արագ քաշեք բռունցքը դեպի ձեզ` ուղղությամբ վեր: Կրկնեք այս գործողությունը մի քանի անգամ, մինչև շնչուղիներն ազատվեն:

 

Մի խփեք տուժածի մեջքին, սա միայն կվատթարացնի իրավիճակը: Պետք է գրկել կողերից ներքև ընկած հատվածը, այլ ոչ թե անմիջապես կողերը, քանի որ այս դեպքում կարելի է ջարդել դրանք: Եթե խեղդվողը ձեզնից խոշոր է կամ հղի կին է, գրկեք որովայնի վերևի հատվածը` ներքևի կողերի մասում:

 

 

Եթե խեղդվողն ուշաթափվել է

 

Պառկեցրեք նրան մեջքի վրա, նստեք նրա ազդրերին` դեմքով դեպի նրա գլուխը: Մեկ ձեռքը մյուսի վրա դնելով` ձեռնափի ներքևի մասը տեղադրեք պորտի և ներքևի կողերի արանքում: Ակտիվորեն սեղմեք որովայնի վրա` ուղղությամբ դեպի վերև: Կրկնեք գործողությունները մի քանի անգամ, մինչև շնչուղիներն ազատվեն: Շնչուղիներում խրված առարկայի դուրս գալուն պես, եթե մարդը չի շնչում, արհեստական շնչառություն տվեք:

Տուժածին չի կարելի պահել ուղղահայաց դիրքում, առավել ևս` արհեստական շնչառություն տալ, մինչև առարկան դուրս չգա շնչափողից:

 

 

Եթե խեղդվողը դուք եք, և մոտակայքում մարդ չկա (ինքնօգնություն)

 

Եթե խեղդվել եք ու մենակ եք, ինքնուրույն կիրառեք Հայմլիխի մեթոդը:

 

Հենվեք ամուր կանգնած առարկայի վրա (սեղանի անկյուն, աթոռ, բազրիք) և մարմնի ծանրության օգնությամբ հրում իրականացրեք ուղղությամբ դեպի վեր:

 

Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ այս դեպքում ավելի շատ օդ կշնչեք բերանով, և առարկան ավելի խորը կմտնի շնչուղիների մեջ: Մի կանգնեք ուղիղ դիրքով և մի խփեք ձեր կրծքին կամ մեջքին:

 

 

Եթե խեղդվում է փոքր երեխան, պետք է դնել նրան ձեր ձեռքին` մեջքի վրա, և ափի եզրով 5 անգամ թեթև խփելով նրա թիակների արանքի հատվածին: Եթե երեխայի շնչուղիներ է ընկել կարծր օտար մարմին, դրեք նրան դեմքով ներքև, ընդ որում` նրա գլուխը պետք է կրծքավանդակից ցածր լինի: Ազատ ձեռքով թեթև խփեք նրա թիակների արանքի հատվածին:
Եթե խեղդվում է մեկ տարեկանից մեծ երեխան, կանգնեք նրա հետևում (անհրաժեշտության դեպքում կանգնեք ծնկների վրա): Ձեռքերով գրկեք նրա գոտկատեղը, մի ձեռքի բռունցքը տեղադրեք նրա կողերի և պորտի արանքում` բութ մատը դեպի ներս: Երկրորդ ափով ծածկեք ձեր բռունցքը, բացեք արմունկներն ու սեղմեք երեխայի որովայնին` ներքևից վեր ուղղությամբ:

Ինչպես փրկել մարդու կյանքը, եթե նրա շնչուղիներում օտար մարմին է հայտնվել (լուսանկարներ)