Վահանագեղձի հիվանդությունները, դրանց ախտանշանները և սովորություններ, որոնք հանգեցնում են այս օրգանի գործառույթի խանգարումների

Ծխելը, բացի այն, որ վնասում է թոքերը և առհասարակ վտանգավոր է առողջության համար, կարող է նաև հանգեցնել լուրջ խնդիրների՝ կապված վահանաձև գեղձի հետ, որոնցից ազատվելը շատ ավելի դժվար կլինի հենց այդ սովորության պատճառով:

 

Վահանաձև գեղձը լինում է ոչ այնքան մեծ չափերի և ունենում է թիթեռի ձև: Շատերն անտեսում են այս օրգանի առողջությունը, սակայն այն իրականացնում է շատ կարևոր գործառույթ օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքի համար:

 

Վահանաձև գեղձը պատասխանատու է հորմոնների արտադրման համար և կարգավորում է նյութափոխանակության բոլոր գործընթացները:

 

Բացի այդ, վահանաձև գեղձը նաև կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, սրտամկանի կծկումների հաճախականությունը և նյութափոխանակությունը, ինչը որոշում է կալորիաների այրման արագությունը:

 

Այսպիսով՝ վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքը անմիջականորեն կապված է մարդու ինքնազգացողության հետ: Սա է պատճառը, որ դրա աշխատանքի ցանկացած խանգարումը կարող է հանգեցնել հորմոնալ դիսբալանսի ու տարբեր հիվանդությունների առաջացման:

 

Որո՞նք են վահանաձև գեղձի ամենատարածված խնդիրները

 

Հարկ է նշել, որ վահանաձև գեղձի խնդիրներն 8 անգամ ավելի շատ հանդիպում են կանանց մոտ: Ընդ որում՝ այդ գեղձի աշխատանքի խանգարման վտանգը զգալիորեն բարձրանում է դաշտանադադարի ժամանակ:

 

Վահանաձև գեղձի հիմնական հիվանդություններն են.

 

Հիպոթիրիոզը. սա մի հիվանդություն է, որի դեպքում վահանաձև գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ: Արդյունքում՝ օրգանիզմում առաջանում է հորմոնալ դիսբալանս և ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները.

 

o    հոգնածության զգացում և դեպրեսիա,

 

o    դող,

 

o    մկանային ցավեր,

 

o    մտավոր կարողությունների դանդաղեցում և խնդիրներ ուշադրության կենտրոնացման հետ,

 

o    խնդիրներ մարսողության հետ և փորկապություն,

 

o    Աավելի առատ արտադրություն դաշտանի ժամանակ և դրա տևողության երկարացում,

 

o    քաշի կտրուկ ավելացում,

 

o    չոր մաշկ ու մազեր, փխրուն եղունգներ

 

Հիպերթիրիոզը. սա հակառակ վիճակն է, որի դեպքում տեղի է ունենում հորմոնների չափազանց շատ արտադրություն: Հիպերթիրիոզի ախտանշաններն են.

 

o    դողը, նյարդայնությունն ու դյուրագրգիռությունը,

 

o    շոգի զգացողությունը,

 

o    արագ ու անկանոն սրտի զարկերը,

 

o    մկանային թուլությունն ու հոգնածությունը,

 

o    հաճախակի պետքարան գնալու ցանկությունը,

 

o    դաշտանի ժամանակ ավելի քիչ արտադրությունը,

 

o    քաշի կտրուկ կորուստը,

 

o    մազաթափությունը,

 

o    դուրս ցցված աչքերը

 

Ո՞ր սովորությունները կարող են հանգեցնել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների

 

Վահանաձև գեղձի խնդիրներ առաջանում են, որպես կանոն, աուտոիմունային խանգարումների, գենետիկ հակվածության կամ որոշ դեղորայքի ընդունման դեպքում:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց սովորությունների ու վահանաձև գեղձի հիվանդությունների միջև կա անմիջական կապ:

 

Նստակյաց կյանքը

 

Ժամանակակից աշխարհում, ցավոք, շատերն են վարում նստակյաց կյանք, ինչով վնասում են առողջությանը:

 

Պարբերաբար ֆիզիկական ծանրաբեռնվածության և առհասարակ ցանկացած ակտիվության բացակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ վահանաձև գեղձի աշխատանքի վրա և հանգեցնել հիպոթիրիոզի առաջացման:

 

Խնդրի լուծումը

 

Անհրաժեշտ է օրական առնվազն 30 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին և հնարավորինս քիչ նստել կամ պառկել:

 

Կոֆեինի չարաշահումը

 

Շատերը նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է սկսել օրն առանց մի բաժակ սուրճի, ինչն իրականում այդքան էլ վատ չի: Սակայն սուրճի կամ կոֆեին պարունակող այլ սննդամթերքի չարաշահումը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, այդ թվում նաև վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման:

 

Խնդրի լուծումը

 

Անհրաժեշտ է սահմանափակել սուրճի կամ կոֆեինի բարձր պարունակությամն այլ սննդամթերքի (թեյ, կակաո) գործածությունը և փոխարինել դրանք հասարակ ջրով կամ բնական հյութերով:

 

Հարբեցողությունը

 

Ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել այնպիսի խանգարումների, ինչպիսին հիպոթիրիոզն է:

 

Խնդրի լուծումը

 

Անհրաժեշտ է բացառել կամ գոնե սահմանափակել ալկոհոլային ըմպելիքների օգտագործումը:

 

Ծխախոտի չարաշահումը

 

Ծխախոտի և դրա ծխի մեջ պարունակվում են թունավոր նյութեր, որոնք կարող են դառնալ վահանաձև գեղձի հետ կապված լուրջ խնդիրների պատճառ՝ հատկապես ռիսկային գոտում գտնվողների մոտ:

 

Ամենամեծ խնդիրն այն է, որ ծխող մարդկանց համար շատ ավելի դժվար է վերահսկել վահանաձև գեղձի աշխատանքը:

 

Խնդրի լուծումը

 

Անհրաժեշտ է անել ամեն ինչ այդ սովորությունից հրաժարվելու համար: Սա ոչ միայն կօգնի ազատվել վահանաձև գեղձի հիվանդություններից, այլև առհասարակ կբարելավի կյանքի որակը:

 

Չծխողները պետք է աշխատեն հնարավորինս հեռու մնալ ծխողներից՝ ծխախոտի ծխի բացասական ազդեցությունից խուսափելու համար:

 

Օրգանիզմում յոդի պակասը

 

Օրգանիզմում յոդի պակասը վահանաձև գեղձի հիվանդությունների, հատկապես հիպոթիրիոզի, առաջացման հիմնական խնդիրներից մեկն է: Այս տարրն անհրաժեշտ է գեղձի կանոնավոր գործունեության ու բավարար քանակությամբ հորմոնների արտադրության համար:

 

Խնդրի լուծումը

 

Անհրաժեշտ է կրգավորել օրգանիզմում յոդի մակարդակը: Այս հարցում կօգնեն հետևյալ մթերքները.

 

o    ծովի աղը,

 

o    ձուկն ու ծովամթերքը,

 

o    սպիտակ լոբին,

 

o    ջրիմուռները,

 

o    սոխն ու սխտորը,

 

o    կաթնամթերքը (յոգուրտ, կաթ, պանիր)

 

Սթրեսը

 

Մարդու էնդոկրին համակարգը շատ զգայուն է ֆիզիկական ու հոգեկան սթրեսի հանդեպ: Եթե սթրեսը բավական ուժեղ է եղել, ապա դա կարող է բացասաբար ազդել վահանաձև գեղձի աշխատանքի վրա:

 

Խնդրի լուծումը

 

Անհրաժեշտ է սովորել կառավարել սթրեսային իրավիճակները: Այս հարցում կարող են օգնել տարբեր հանգստացնող մեթոդները կամ որևէ հաճելի ու հանգստացնող բան:

 

Վահանագեղձի հիվանդությունները, դրանց ախտանշանները և սովորություններ, որոնք հանգեցնում են այս օրգանի գործառույթի խանգարումների