Երբ ես վարչապետ էի, թույլ չտվեցի, որ Սաթիկ Սեյրանյանին կալանավորեն. Արամ Սարգսյան

«Արմենիա» հեռուստատեսության «R-Էվոլյուցիա» հաղորդաշարի սեպտեմբերի 26-ի թողարկումը, որի հյուրը եղել է ԵԼՔ դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, ավարտվել է այսպիսի դրվագով։

Երբ Էդմոն Մարուքյանը պնդել է, որ ԵԼՔ դաշինքի կառավարությունը եւ վարչապետը ավելին կանեին քան անում է Կարեն Կարապետյանի կառավարությունն ու վարչապետն ինքը, Սաթիկ Սեյրանյանը նկատի ունենալով ԵԼՔ դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանին, նեգատիվ հնչերանգով արձագանքել է․ «Ձեր դաշինքին մաս կազմող կուսակցություններից առնվազն մեկի ղեկավարը վարչապետ է եղել»,- եւ հաղորդումն ըստ էության փակվել է այս հարցադրումով։

armtimes.com-ը այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց Արամ Զավենի Սարգսյանից: Վերջինս ասաց․«Սաթիկ Սեյրանյանը պիտի իմանար, որ երբ ես վարչապետ էի, վիճեցի Ռոբերտ Քոչարյանի հետ եւ թույլ չտվեցի, որ Սաթիկ Սեյրանյանին Ղարաբաղում կալանավորեն Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով։ Չեմ կարծում, թե Կարեն Կարապետյանը ընդունակ է նման քայլի»։

Խոսքը 2002 թվականի մարտի 22-ին ԼՂՀ այնժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ տեղի ունեցած մահափորձի մասին է, որը կազմակերպելու համար մեղադրվեց ապա եւ 14 տարվա ազատազրկման դատապարտվեց ԼՂՀ ՊԲ այն ժամանակ արդեն նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Սաթիկ Սեյրանյանը մահափորձից առաջ Արկադի Ղուկասյանի հետ շփված վերջին մարդն է եղել, եւ իրավապահները կասկածներ են ունեցել, որ նա տեղեկատվություն է փոխանցել մահափորձի կազմակերպիչներին եւ ձերբակալել էին նրան: Ազատ են արձակել միայն վարչապետ Սարգսյանի եւ նրա հավատարիմ թիմակից՝ այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի միջամտությամբ։

Արամ Զավենի Սարգսյանը ՀՀ վարչապետ է նշանակվել 1999 թվականի հոկտեմբերի 27-ից մի քանի օր հետո, ներքաղաքական ճգնաժամի պայմաններում։ Սպանված էին երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, Հայաստանը կանգնած էր քաղաքացիական պատերազմի վտանգի առաջ։ Արամ Սարգսյանը որպես վարչապետ պաշտոնավարել է 7 ամիս եւ պաշտոնից ազատվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ունեցած առճակատման պատճառով՝ ՀՀԿ-ական մեծամասնության քաղաքական դավաճանության արդյունքում։

Երբ ես վարչապետ էի, թույլ չտվեցի, որ Սաթիկ Սեյրանյանին կալանավորեն. Արամ Սարգսյան